Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կորոնավիրուսը որպես «հնարավորություն». Ադրբեջանում ակտիվացել են բռնաճնշումները

Կորոնավիրուսը որպես «հնարավորություն». Ադրբեջանում ակտիվացել են 
բռնաճնշումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչ աշխարհում պայքարում են կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ։ Համավարակի բռնկման և երկրում սահմանափակումների հաստատման առաջին իսկ օրերից ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները բարձրաձայնում են իշխանությունների կողմից չարաշահումների ու «սահմանափակումները խախտելու» պատճառաբանությամբ իրականացվող ձերբակալությունների մասին։ Օրինակները շատ են: Ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության անդամ Անար Մելիքովին իր քննադատական ֆեյսբուքայան գրառման համար կալանավորել են 10 օրով, նույն կուսակցության անդամներ` Ֆաիգ Ամիրլին, Նիջաթ Աբդուլաևը, Ռուսլան Ամիրովը, սահմանափակումների խախտման պատրվակով կալանավորվել են 30 օրով, «Ժողովրդավարություն և բարգավաճում ընդդիմադիր շարժման» անդամ Շաքիր Մամեդովը ֆեյսբուքյան քննադատության համար կալանավորվել է 15 օրով: Ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին արդեն ավելի քան մեկ ամիս փաստացի գտնվում է տնային կալանքի մեջ և զրկված է արտաքին աշխարհի հետ ցանկացած (այդ թվում` հեռախոսային) կապի հնարավորությունից, մերձավոր շրջապատի անդամները ձերբակալված են, իսկ նրա հետ կապի դուրս գալ փորձող համախոհները կալանավորվում են:

Համավարակի պայմաններում ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումներն ու շարունակվող բռնաճնշումները չեն վրիպել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների և կազմակերպությունների ուշադրությունից։

Մասնավորապես, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է այլախոհությունը ճնշելու նպատակով COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները չարաշահելու մեջ։ Կազմակերպությունն արձանագրել է, որ համավարակի պայմաններում Ադրբեջանում ձերբակալվածների մեծ մասը կա՛մ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ են եղել, կա՛մ հանդես են եկել իշխանությունների քննադատությամբ՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից այս չարաշահումները տեղավորվում են քաղաքական վրեժխնդրության տրամաբանության մեջ։

Amnesty International կազմակերպությունն ապրիլի 28-ին հրապարակած զեկույցում ևս շեշտել է, որ COVID-19-ը որպես առիթ օգտագործելով, Ադրբեջանում իշխանություններն ուժեղացրել են այլախոհների դեմ ճնշումները։ Զեկույցում մասնավորապես ներկայացվել է նախագահ Ալիևի՝ մարտի 19-ին Նովրուզ բայրամի առիթով (Նոր տարի) ադրբեջանական ժողովրդին ուղղված շնորհավորանքը, որում Ալիևը հայտարարել էր COVID-19 համավարակի պայմաններում «նոր կանոնների» մասին, այդ թվում առանց այն էլ մասնատված քաղաքական ընդդիմության «մեկուսացման» և «զտման» մասին։ Կազմակերպությունն արձանագրել է, որ այս հայտարարությանը հետևել են Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների  ձերբակալությունները։ Նշենք, որ նախագահ Ալիևի այս ելույթը հիշատակել էր նաև HRW-ը` դա համարելով ընդդիմության դեմ պայքարի մասին ակնարկ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով զեկուցողը ևս, անդրադառնալով Ալիևի հայտնի ելույթին հաջորդած ձերբակալություններին, քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակից օգտվելու և իր իշխանությունն ամրապնդելու մեջ՝ կառավարության գործողություններն անվանելով համաճարակի «ամոթալի շահագործում»: Իսկ օրերս հրապարակված զեկույցում Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողն անհանգստություն է հայտնել երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ, նշելով, որ Ադրբեջանում վերջին շրջանում ձերբակալվում են կառավարության հակահամաճարակային քայլերը քննադատող լրագրողներն, ինչն անընդունելի է։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ հանրապետական Էլիս Հանսթինգսը և սենատոր Ռոջեր Վիքերը նույնպես համատեղ հայտարարությամբ քննադատել են կորոնավիրուսի պայմաններում Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, ձերբակալությունները, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումները։

Այսպիսով, ադրբեջանական իշխանությունները, չնայած միջազգային կառույցների կոչերին, շարունակում են կորոնավիրուսի համաճարակն օգտագործել որպես գործիք` երկրում լրագրողների նկատմամբ ճնշումներ իրականացնելու և ներքին հակառակորդների դեմ պայքարելու համար։ Իհարկե, Ադրբեջանի իշխանությունների նման բիրտ գործելաոճը նորություն չէ, սակայն համավարակի պայմաններում դրա ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ գործոններով և իշխող քաղաքական էլիտայի շրջանում առկա վախերով։ Մասնավորապես, կորոնավիրուսի պատճառով ադրբեջանական տնտեսության կրած վնասները, նավթի գնի կտրուկ անկումը և դրա արդյունքում չստացված հսկայական եկամուտներն Ադրբեջանի համար ստեղծել են նոր մարտահրավերներ`  գնաճ, ազգային արժույթի արժեզրկում, ինչպես նաև սոցիալական դժգոհության աճ, որը երբեմն ունենում է ինքնաբուխ դրսևորումներ: Նման պայմաններում, անշուշտ, Ալիևյան կլանը ստիպված է գործել առավել քան վճռական` բնում խեղդելով ցանկացած այլակարծություն, չեզոքացնելով բոլոր քննադատներին` այդ կերպ կանխելով ընդդիմադիր գործիչների կողմից սոցիալական բողոքի գլխավորման անգամ փոքր հնարավորությունը:

Իզաբել Շատոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am