Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Իր հերթին նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով:
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում