Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՄԱՍ 2

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՄԱՍ 2

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում 4-րդ անգամ հրապարակել է «100 փաստ Նոր Հայաստանի մասին»: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված հաղորդագրությունը մի քանի մասով:

ՄԱՍ 1

36. 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրվել է 111.7 մլն հատ ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունը 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

37. Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը 2019 թվականի ընթացքում նվազել է և դեկտեմբերին կազմել ռեկորդային ցածր՝ 0.85 տոկոս։ 2018 թվականի դեկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 1 տոկոս: 2020 թվականի մարտ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 20.3 տոկոսով, գյուղատնտեսական ուղղվածության վարկերը՝ 14.3 տոկոսով:

38. Վերջին 2 տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում։ 2019 թվականին առևտրային բանկերի տրամադրած վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս՝ նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն։ Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59.3 տոկոս՝ նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն։ 2017 թվականին դոլարիզացման մակարդակն ըստ ավանդների կազմել էր 62.4 տոկոս։

39. «Արդշինբանկը» նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է 300 մլն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր, ինչը հայաստանյան մասնավոր կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է: Այս թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում իր տեսակի մեջ լավագույնը և «Financial Times Group»-ի համաշխարհային առաջատար «The Banker» բիզնես ամսագրի կողմից արժանացել է «Տարվա գործարք» մրցանակին։

40. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 138000 սուբյեկտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 27000-ով։ Ընդ որում, աճի հիմնական մասը պայմանավորված է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների ակտիվությամբ։ Մասնավորապես, տարեկան կտրվածքով՝ - շուրջ 15700-ով աճել է ԱՁ-ների թիվը,

- շուրջ 5300-ով աճել է ՍՊԸ-ների թիվը,

- ՓԲԸ-երի և ԲԲԸ-երի թվերն աճել են համապատասխանաբար 126-ով և 24-ով։

41. 2019 թվականին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 5.6 տոկոսով: Համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2 տոկոսով։ Միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92 տոկոսով:

42. Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ` 16 մլն եվրո, Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը (SME equity fund), որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 մլն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով՝ այդպիսով խթանելով նաև ՓՄՁ-ների միջազգայնացումը:

43. Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է Հայաստանը հանել Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «մոխրագույն ցուցակից»։ Տվյալ փաստը հեղինակության առումով լավ ազդակ է, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանն այլևս դիտարկելու են որպես հարկային առումներով համագործակցող երկիր։

44. Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ ավելացավ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսեր թողարկող ընկերությունների թիվը՝ 10-ից դառնալով 11, որը, ի թիվս այլ պատճառների, տեղի ունեցավ Հարկային օրենսգրքում ցուցակված ընկերությունների շահաբաժինների՝ եկամտային հարկից ազատվելու արդյունքում։ Սրա արդյունքում էական կբարձրանան Հայաստանի «Doing Business»-ի միավորները:

45. Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել կամ վերանորոգման փուլում են գտնվում մարզերի զբոսաշրջային հիմնական ուղղություններ տանող ճանապարհները և զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքները՝ Տաթևի վանական համալիր, «Սոճուտ» դենդրոպարկ, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցներ, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք, Մակարավանք:

46. Կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու գործընթացը շարունակվում է: Այսօրվա դրությամբ Հայաստանում կա գործող 44 սպանդանոց, որից 19-ը՝ ծառայություններ մատուցող: Կառուցման փուլում են ևս 82-ը, որոնց նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործել, մնացածը կգործարկվեն մինչև տարեվերջ: Հանրպետությունն ունի 70-80 սպանդանոցի կարիք:

47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը, մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները, մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ։

48. Կարագի շուկայում 2019 թվականի ընթացքում, 2018 թվականի համեմատ, կենտրոնացվածության աստիճանը նվազել է. առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62 տոկոսից կրճատվել է՝ կազմելով 49 տոկոս: Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16 տոկոսով:

49. Շաքարավազի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտի տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67 տոկոսից դառնալով 49 տոկոս, իսկ իրացման մասով՝ 95 տոկոսից դառնալով 88 տոկոս։ Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում՝ շաքարավազի շուկայում վերջին 2 տարում տեղի է ունեցել շուրջ 24 տոկոս գնանկում։ Մասնավորապես, եթե 2018 թվականի մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020 թվականին այն արժե 255 դրամ։

50. Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք փնտրող 85000 քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13800 հոգի կամ 45 տոկոսով ավելի, քան 2017 թվականին կամ 12 տոկոսով ավելի, քան 2018 թվականին: Հատկանշական է, որ 2019 թվականի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7497 աշխատանք փնտրող, որից 4600 շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017 թվականի (1759 գործազուրկ) համեմատ ավելի է 4 անգամ, իսկ 2018 թվականի (2672 գործազուրկ) համեմատ՝ 2.8 անգամ:

51. Իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, ինչի արդյունքում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11000 ընտանիք պահպանել է նպաստի իրավունքը, և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ։

52. Ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝ սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։ 2019 թվականին կառավարության որոշմամբ պետպատվերի շրջանակում նշված ծառայություններից սկսել էին օգտվել ժամկետային զինծառայողների ընտանիքները, այժմ շահառուների շրջանակն ընդլայնվել է։

53. Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել են 30 տոկոսով։

54. Մայիսի 1-ից միջինում 30 տոկոսով բարձրացվել են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձերը: Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը դարձել է 130.900 դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.100 դրամ։ Կառավարությունն այս ուղղությամբ հատկացրել է 36․6 մլն դրամ։

55. Ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։ Ըստ փոփոխությունների՝ փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք։ 2020 թվականին փոխհատուցման համար նախատեսվել է 1․2 մլրդ դրամ։

56. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի 300.000 դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։

57. 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական կազմակերպությունների հետ՝ նախորդ տարվա 3-ի փոխարեն՝ ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի՝ նախորդ տարվա 190-ի փոխարեն խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Ընդլայնվել է նաև ծառայությունների մատուցման աշխարհագրությունը:

58. Կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։

59. Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը, 2017 թվականի համեմատ, 2019 թվականին աճել է 25.5 տոկոսով կամ 38.73 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 3.4 տոկոսով կամ 1377-ով, իսկ առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 29.5 տոկոսով կամ 46.500 դրամով:

60. Կառավարությունը հաստատել է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, որով օրենսդրորեն ամրագրվել են բնակչության որոշ խմբերի սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով կիրառվող պետության կողմից երաշխավորված ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր տարի իրենց վերարտադրողական ներուժը կբարելավեն շուրջ 1000 դեռահաս, 14000 ամուսնական զույգ, ինչպես նաև պերինատալ կորուստներ ու անպտղություն ունեցած շուրջ 2500- 3000 կին։

61. Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը, և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019 թվականին միջինում նվազել են 6 տոկոսով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13 տոկոսով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր։

62. 2020 թվականի հուլիսի 1-ից հնարավոր կլինի, դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը։ Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

63. Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակը սեպտեմբերի 1-ից 35000 դրամով կբարձրանա: 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ բուհերի ասպիրանտների կրթաթոշակը գրեթե կրկնակի կավելանա։ Կրթաթոշակի չափը հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար կկազմի 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտների համար` 65000 դրամ։

64. Ազգային ժողովն ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենսդրական կարգավորումը, որով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը կվերադարձվի՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով շուրջ 2230 ուսանողի, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ընտանիքների ուսանողների՝ շուրջ 917 ուսանողի ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100 տոկոսի չափով: Փոխհատուցում ստացած ուսանողների թիվը 2019 թվականին կազմել է շուրջ 3147, ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ 654 մլն դրամ։ Տարբեր չափերով փոխհատուցվել են նաև 2 և ավելի երեխա ունեցող, ապրիլյան պատերազմի օրերին ծառայած ուսանողների վարձավճարները։

65. Կառավարության որոշմամբ Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200.000 դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է պատվովճարների վճարում՝ համապատասխանաբար 140.000 և 100.000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ նախկին 55.000 դրամի փոխարեն 100.000 դրամ: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:

66. 2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է ավելի քան 1.5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվելու է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում» և «Պայմանագրային հետազոտությունների նոր գիտական թեմաների, այդ թվում` թիրախային՝ նպատակային գիտական թեմաների ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացմանը:

67. Սկսած 2020 թվականի մարտի 1-ից՝ բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական և համերգային ներկայացումների, ինչպես նաև թանգարաններ այցելել անվճար:

ՄԱՍ 3





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ