Տնտեսություն

Հանքարդյունահանող ընկերությունների սեփականատերերի բացահայտման պրոցեսը գնալու է մինչև վերջ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հանքարդյունահանող ընկերությունների սեփականատերերի բացահայտման պրոցեսը գնալու է մինչև վերջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատարերի բացահայտման ուղղությամբ կոնկրետ գործընթացներ են տեղի ունեցել, դրանք շարունակվելու են, հարցը մոռացության չի մատնվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին վստահեցրեց իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը հիշել էր, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին վարչապետը հայտնել էր, որ հունվար-փետրվարին կհրապարակվի Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերի ցանկը: Նա հետաքրքրվել էր, թե ինչու է դա մոռացության տրվել:

«Մոռացության չի տրվել, ընդհակառակը՝ շատ կոնկրետ գործընթացներ են տեղի ունեցել: Իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ օրենսդրական փոփոխությունների արդյունքով՝ ոլորտում ներգրավված մարդկանց հայտարարագրի ներկայացման ժամկետ է սահմանվել 2020 թվականի փետրվարի 20-ը: Նկատի ունեմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ ընթացքի մեջ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ դա ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև աշխարհում է նոր համակարգ, և իրական սեփականատարերի հայտարարագրման համակարգը դեռ պետք է աշխատի, կայանա, օրենսդրական փոփոխություններն էլ տեղի կունենան: Փաշինյանը նկատեց, սակայն, որ սեփականատերերի անունները լավ էլ բացահայտված են՝ առնվազն հանրային մակարդակում: «Նաև կան որոշակի քրեական գործեր, և այդ քրեական գործերի քննության, բարեհաջող դատական հրապարակային փուլին անցելու ընթացքում, կարծում եմ, որ այդ հարցերի բոլոր պատասխանները շատ բացահայտ կերպով կհնչեն: Բայց նկատի ունեմ, որ այդ պրոցեսը մոռացված չէ, պրոցեսը գնում է և գնալու է մինչև վերջ»,-վստահեցրեց վարչապետը:

ՀՀ Ազգային ժողովը 2019-ի ապրիլի 23-ին ընդունել էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագիծը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում