Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

ՀՀ-ում խրախուսվում են ներդրումային նոր ծրագրեր

ՀՀ-ում խրախուսվում են ներդրումային նոր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարության որոշմամբ  Հայաստանի Հանրապետությունում 2020 թ. մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 30 օրով` մինչև 2020 թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մասնավորապես, սահմանվել են, որ մի շարք սահմանափակումներ և միջոցառումներ, օրինակ՝ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու, կարող են նաև պայմանով կիրառվել: Ըստ նախարարի՝  մեղմվել են նաև սահմանափակումները  քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում: Մասնավորապես, թույլատրվելու է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում` անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:

 

Կառավարությունը դրամաշնորհ կհատկացնի մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին

Գործադիրի այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը, որը  վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։ «Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրանով կառավարությունը խրախուսում է այդ ընկերություններին:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։

«Բանկային համակարգն այս ընթացքում վարկային արձակուրդներ է տրամադրել մոտ 460 հազարը գերազանցող ֆիզիկական և 15500 իրավաբանական անձանց: Դա շատ ծավալուն թիվ է, և  բանկերը շարունակում են իրենց շահառուների հետ աշխատել»,-ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ բանկերն են այդպիսի որոշումներ կայացրել:

 

Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները

Գործադիրն ընդունել է որոշում՝ 2020 թ. համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության, և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ պայմանավորված: Կառավարությունն այս տարի նախատեսել է հիմնանորգել մինչև 500 կմ ճանապարհ: Այս փուլով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 185.33 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32.5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը` 2: Այդ նպատակի համար կառավարության ներքո հաստատված միջոցներից կհատկացվի 17.4 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին՝ մշակութային, սպորտային, առողջապահական, կրթական 100 օբյեկտի նախագծման և շինարարության աշխատանքների մեկնարկին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ և նշել, որ ներկայում քննարկվում են մի քանի փաթեթներ, որոնց մրցույթներն արդեն կհայտարարվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: «Քննարկումներ ենք ունենում շինարարական կազմակերպությունների հետ: Մենք համոզված ենք, որ ծրագիրը հաջողությամբ կմեկնարկենք և կշարունակենք»,-նշել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն 2-3 տարում, արդյունքում կստեղծվեն  տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր:

Վարչապետը նշել է, որ 100 օբյեկտի մրցույթները պետք է հայտարարվեն և  անցկացվեն մինչև սեպտեմբեր:

 

Աջակցություն կստանան երեխա ունեցող ընտանիքները՝ բնակարանային պայմանների բարելավման համար

Գործադիրը հաստատել է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է  աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով  ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում: Երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն կընձեռվի շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։ Նպատակային ծրագրերը երեքն են՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։ Նպատակային ծրագրերի համար 2020 թ. պետբյուջեով նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ։ 2020 թ.-ին նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245, կանխավճարի ապահովագրության աջակցություն՝ 540, երեխայի ծննդյան աջակցություն՝ 300 շահառուի։

Անդրադառնալով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է համակարգի ներդրման կարևորությունը. «Կարևորը, որ համակարգը ներդրվի, իսկ երբ կսկսի աշխատել՝ անհրաժեշտ փոփոխությունները կարվեն»: Վարչապետը հույս է հայտնել, որ տարեցտարի այս ռազմավարական ծրագրի շահառուների թիվը կավելանա. «Սա այն ծրագիրն է, որի համար ոչ մի գումար չենք խնայի. ինչքան շատ լինի, այնքան՝ լավ»:

 

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը կիրականացվի նաև անտառային ոլորտում

 

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարվել հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացմանն աջակցելուն` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում: Ըստ այդմ առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնել նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով, որը բխում է ՀՀ-ում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից (նախատեսվում է 2020 թ.-ին տնկել 10 մլն ծառ): Կհստակեցվեն նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափերը՝ պայմանավորված 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ:

 

Այլ որոշումներ. խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Գործադիրի որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում  կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը 2019 թ տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում  հիմնել է 30 հա ընդհանուր մակերեսով խնձորի այգի, ինչպես նաև նույն վայրում ընթանում է 4400 ք/մ ընդհանուր մակերեսով և 3000 տոննա տարողությամբ գազային կարգավորվող միջավայրով սառնարանային տնտեսության շինարարություն, որի 1/3 մասը կհանձնվի շահագործման 2020 թ-ի երրորդ եռամսյակում  և ավարտին կհասնի 2022թ-ին՝ խնձորի բերքի աճին համապատասխան: Ծրագրի շրջանակում կատարվել է մոտ 550 մլն դրամի ներդրում։ Նախատեսվում է կատարել ևս 950 մլն դրամի ներդրում։ Ներկայում առկա է 240 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-ը՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով։

Կառավարությունը բավարարել է «Նանման»ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝  ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 155 մլն դրամի ներդրում:  Ներկայում առկա է 22 աշխատատեղ, կստեղծվի ևս 3-ը՝ 105,000 դրամ միջին աշխատավարձով։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ