Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մնջախաղի թատրոնը հաջողությամբ մասնակցում է Միլանի միջազգային մրցույթ- փառատոնին

Մնջախաղի թատրոնը հաջողությամբ մասնակցում է Միլանի միջազգային մրցույթ-
փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը բացասական ազդեցություն է թողել բոլոր ոլորտներում, բացառություն չէ նաև արվեստը: Թատերահամերգային կազմակերպությունները դադարեցրել են կենդանի գործունեությունը՝ այն տեղափոխելով վիրտուալ տիրույթ: 

Երևանի մնջախաղի պետական թատրոնը դժվար պայմաններում անգամ չի դադարեցնում աշխատանքը և մասնակցում է Միլանի միջազգային մրցույթ-փառատոնին, որն այս տարի կազմակերպվել է առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պատմել է մրցույթ-փառատոնին մասնակցության, թատրոնի հետագա աշխատանքի և իրեն անհանգստացնող խնդիրների մասին:

Նրա խոսքով՝ մրցույթ-փառատոնը պետք է անցկացվեր Միլանի Թերեզա Պոմոդորոյի Սպացիո թատրոնում, բայց համավարակի ստեղծած պայմաններից ելնելով` ներկայացումները ցուցադրվում են առցանց:

«Սա բավականին լուրջ և ընդգրկուն միջոցառում է, որում ներկայացված բեմադրությունները դատում է միջազգային հեղինակավոր ժյուրին: Մնջախաղի պետական թատրոնը առաջինն է Հայաստանում, որ մասնակցում է այդ մրցույթ-փառատոնին: Ներկայացնում ենք «Արդաղիոն» բեմադրությունը, որն ընտրվել է դեռևս մեկ տարի առաջ: Ներկայացումն արդեն իսկ մայիսի 13-ին ցուցադրվել է  NO'HMA թատրոնի պաշտոնական էջում, ցուցադրվելու է նաև մայիսի 14-ին՝ ժամը 23:00-ին»,-տեղեկացրեց Դադասյանն ու հավելեց, որ առաջին ցուցադրությունը հրաշալի է անցել: Ներկայացումը դիտել է ավելի քան հազար մարդ, այն դեպքում, երբ մասնակից այլ ներկայացումների դիտումները չեն գերազանցել 500-ը:

Նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր հինգշաբթի Մնջախաղի պետական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղադրվում են թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումները, ինչպես նաև այլ տեսանյութեր: Այժմ նախատեսում են կարճ հոլովակներ նկարահանել: «Ես սպասում էի, որ արտակարգ դրությունը կհանվի, և մենք ինչ-որ կերպ կկարողանանք աշխատել արտիստների հետ: Ամենալուրջ խնդիրը դերասանների «մարզավիճակը» պահելն է: Ճիշտ է, նրանք փորձում են տանը պարապել, բայց անհրաժեշտ են փորձեր, համատեղ աշխատանք: Հարցը քննարկել ենք նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, և պետք է ինչ-որ մոդել մշակվի, որը հնարավորություն տա վերականգնել մեր փորձերը, գոնե փոքր խմբերով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,-շեշտեց Ժիրայր Դադասյանը:

Գեղարվեստական ղեկավարի հավաստիացմամբ՝ իրավիճակն իսկապես շատ բարդ է: Մի քանի օր առաջ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ավարտել է Դադասյանի կուրսը: Նրա խոսքով՝ քննությունն առցանց է անցկացվել: «Բեմադրության նկարահանումից ելնելով է հանձնաժողովը պատկերացում կազմել աշխատանքի մասին: Բարդ է վիճակը հատկապես այն ասպարեզներում, ուր աշխատանքն անմիջական ֆիզիկական հաղորդակցման իմաստով անհրաժեշտություն է»,-ասաց Դադասյանը:

Անդրադառնալով Մնջախաղի պետական թատրոնի շենքի շինարարական աշխատանքներին՝ նա նշեց, որ դրանք ընթացքում են, կան որոշ խնդիրներ, բայց իրենք հույս ունեն, որ մինչև տարեվերջ շինարարությունը կավարտվի:

«Հուսամ՝ մենք կսովորենք ապրել այս վիրուսի հետ և կգտնենք հանդիսատեսի հետ հաղորդակցվելու որևէ եղանակ: Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հիասթափություն կլինի մեզ համար, եթե նոր թատրոնի դռները բացենք, բայց չկարողանանք ընդունել թատերասերներին»,- եզրափակեց Դադասյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am