Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մանոն Լեսկոն» կրկին առաջատար է. թարգմանական. ապրիլ, 2020

«Երևանյան բեսթսելեր». «Մանոն Լեսկոն» կրկին առաջատար է. թարգմանական. ապրիլ, 
2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցուցակը կազմվել է ապրիլի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն» : Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Երկրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գիրքը երրորդ տեղում է: Այս գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է: Անգլերենից թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի:

Չորրորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ջորջ Օրուելի «1984» վեպը հինգերորդ հորիզոնականում է: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ. The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Վեցերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակին որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն յոթերորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյոք զո՞ւր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության» գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: Թարգմանիչ՝ Վահե Արսեն:

Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը ութերորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը՝ անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին: Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի:

Ւններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Տասներորդ հորիզոնականում է Թոմ Հենքսի «...Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ամերիկյան և տարբեր երկրների ընթերցողների համակրանքին: Դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկո»

Դարակ 64
2 *

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 24
3 +2

Քեն Քիզի

«Թռիչք կկվաբնի վրայով»

Անտարես 22
4 -4 Ռեյ Բրեդբըրի, «Ֆարենհայթ 451» Զանգակ 16
5 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 15
6 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 15
7 *

Դեն Բրաուն

«Ինֆեռնո»

Զանգակ 13
8 *

Ալբեր Կամյու

«Օտարը»

Անտարես 12
9 * Հերման Հեսսե «Սիդհարթա» Քյուրքչյան 11
10 -3

Թոմ Հենքս

«...Այն, ինչ զգում է իմ սիրտը»

Բուկինիստ 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]