Հասարակական

Փաշինյանը խոստացավ վճարել 1 ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի 50 հազար դրամ պարտքը

4 րոպեի ընթերցում

Փաշինյանը խոստացավ վճարել 1 ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի 50 հազար դրամ պարտքը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացավ վճարել մեկ ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի 50 հազար դրամ պարտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը հեռախոսազրույցը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ընտանիքն ուներ սոցիալական որոշակի խնդիրներ, ընտանիքի անդամներից ոմանք նաև առողջական խնդիրներ: Տան հոսանքն անջատված էր վճարումը չկատարելու պատճառով:

«Կասեմ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան, այս ամսվա 50 հազար դրամը կփոխանցեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հոսանքից զրկված բաժանորդների հետ հեռախոսազրույցներ է ունենում կոմունալների վճարման խնդիրն ավելի խորը հասկանալու համար:

«Ուզում եմ մի քանիսի հետ խոսել իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար, որովհետև կոմունալների հետ կապված մեր աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է: Մենք ասում ենք, որ մարդը մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա է սպառել, ենթադրելով, որ նա որոշակի սոցիալական անպաշտպանություն ունեցող սեգմենտից է, բայց ստացվում է, որ մարդը որևէ տեղ ամառանոց ունի ու քիչ է գնալ այդ ամիս ամառանոց ու ծախսը եղել է 5 հազար դրամ: Այս աջակցությունների ծրագրերում ամենակարևորը հասցեականությունն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում հայտնեց, որ այս պահին անջատված է 3 հազար բաժանորդի հոսանքը, սակայն նշված ցուցակում հայտնված բաժանորդների հետ հեռախոսազրույցների ընթացքում քաղաքացիների մի մասը նշում էին, որ իրենց հոսանքն անջատված չէ:

«Հեռախոսազրույցների ընթացքում հասկացանք, որ հոսանքի անջատումների մասին մեր վիճակագրությունն ամբողջական չէ: Մեկ դեպք էլ ունեցանք, երբ ծրագրի շահառուն չի կարողանում ծրագրից օգտվել»,- նշեց վարչապետը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառման համաձայն՝ փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն պետության կողմից: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10000 դրամ։ Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։ Կառավարությունն ավելի վաղ հաստատել էր նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում