Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանի կինը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը թարգմանել է լատիշերեն

Դեսպան Տիգրան Մկրտչյանի կինը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը թարգմանել է 
լատիշերեն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գրական թարգմանիչ, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը թարգմանել է լատերեն։ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը թեմայի շուրջ  զրուցել է բանասիրության դոկտոր Իլվա Սկուլտեի հետ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը․

Ապրիլի 24-ն այն օրն է, երբ 105 տարի առաջ Կոստանդնուպոլսում նշանավոր հայ մտավորականների ձերբակալություններն ազդարարեցին 20-րդ դարի պատմության ծանրագույն դրվագներից մեկի սկիզբը: Ավելի ուշ հայ ժողովրդի ճակատագիրը կիսեցին մի շարք այլ ժողովուրդներ և ազգեր: Հետագա ողբերգական իրադարձությունները կարող են լինել այն պատճառներից մեկը, թե ինչու է Հայոց ցեղասպանությունը պակաս հայտնի, ինչու մենք դեռ կարող ենք այդ մասին շատ բաներ հայտնաբերել և սովորել, այդ թվում՝ գրականության շնորհիվ: Այս թեմայի վերաբերյալ տպավորիչ գրական գործերից մեկը Ֆրանց Վերֆելի՝ ինչ-որ առումով առեղծվածային  «Մուսա լեռան քառասուն օրը» վերնագրով վեպն է, որը վերջերս թարգմանվել է լատիշերեն և հրատարակվել «Յանիս Ռոզե» հրատարակչության կողմից:

Վեպը թարգմանվել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կողմից, ով առավել հայտնի է որպես ճապոնացի հեղինակներ Նացումե Սոսեկիի, Տանիզակի Յունիչիրոյի և Ակուտագավա Ռյունոկուսեյի գործերի թարգմանչուհի։ Նա  անգլերենից, ռուսերենից և գերմաներենից լատիշերեն է թարգմանել նաև գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրի գրքեր: Կարող ենք հավելել, որ Իլզեն Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի կինն է: Հետևաբար, չպետք է զարմանալ, թե նրա թարգմանություններից շատերն ինչու են հայկական թեմաներով ստեղծագործություններ:

 

Իլվա Սկուլտե. Եկեք սկսենք մի շատ պարզ հարցից. Ի՞նչն էր այդքան հետաքրքիր և կարևոր Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որ դուք որոշեցիք լծվել նման հսկա նախագծի կյանքի կոչմանը:

 

Իլզե-Պաեգլե Մկրտչյան․ Դուք իրավացի եք․ ես իսկապես ցանկանում էի թարգմանել այս վեպը և հիմա ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալության հայտնել «Յանիս Ռոզե» հրատարակչության խմբագիրներին, ովքեր բավականին լավ ըմբռնեցին այս նախագծի ծավալները և պատրաստակամություն ցուցաբերեցին լուծել նախագծի իրականացման ընթացքում առաջացած խդիրները։ Ինչ վերաբերում է ինձ, ես կարող եմ ասել միայն, որ ավելի քան 15 տարի իմ կյանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ, և այդ իսկ պատճառով ես փորձում եմ անել իմ ուժերի առավելագույնը` խորացնելու լատվիացիների և հայերի միջև փոխըմբռնումն ու հարգանքը:

 

Կարծում եմ, ի վերջո դա նաև իմ երախտիքի տուրք մատուցելու ցանկություն էր․ Լատվիային՝ որտեղ և ծնվել և մեծացել եմ, և Հայաստանին՝ որն այժմ իմ տունն է։

 

Միևնույն ժամանակ, կար առնվազն ևս մեկ կարևոր, վճռորոշ գործոն։ Ես դա անվանում եմ «իմ միսիոներական հակումները», իմ հավիտենական ձգտումը ներկայացնել ուրիշներին այն, ինչը ես համարում եմ հետաքրքիր և կարևոր: Մի շարք պատճառներով պայմանավորված՝ իմ ընտրած ոլորտը գրական թարգմանությունն է, հետևաբար, այն ոլորտ է, որտեղ, հուսով եմ, կկարողանամ որոշակի փոփոխություններ կատարել: Օրինակ, ես կարող եմ իմ հայ գործընկերներին խորհուրդ տալ ուշադրություն դարձնել լատվիական գրականության այս կամ այն գործին, որն, իմ կարծիքով, պետք է թարգմանվի հայերեն: Եվ, իհարկե, ես ինքս նույնպես կարող եմ ինչ-որ բան անել, օրինակ լատվիացի իմ ընթերցողներին ծանոթացնել Հայաստանի և հայության մասին այս կամ այն կարևոր գրական գործին: Ես հայերենից չեմ թարգմանում, այդ իսկ պատճառով ես միշտ փնտրել եմ հայ գրողների, ովքեր գրում են այլ լեզուներով: Նման հեղինակներ շատ կան․ Նարինե Աբգարյանը և Քրիս Բոհջալյանը վառ օրինակներից ընդամենը երկուսն են: Ինչ վերաբերում է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին, ապա նրա «Մուսա լեռ»-ը միանշանակ դասական աշխատություն է, որը հաճախ և բավականին տեղին է անվանվել է նրա «հայկական էպոսը»: Ես շատ ուրախ եմ և շատ շնորհակալ, որ ինձ այն թարգմանելու հնարավորություն ընձեռվեց:

 

 

Իլվա Սկուլտե. Այժմ շատ կոնկրետ մի հարց։ Վեպը սկսվում է լեռան գագաթի վրա խորհրդավոր մի դրվագով։ Գաբրիել Բագրատյանը՝ գլխավոր հերոսներից մեկը, տարիների բացակայությունից հետո վերադարձել է իր նախնյաց տունը և նայում է թվացյալ խաղաղ բնապատկերին։ Անցյալը, սակայն, մշտապես ներկա է և ահագնացնում է սարսափի մթնոլորտը։ Վախը կարելի է հաղթել, եթե կա ցանկություն, բայց դժվար թե կարելի է հույս ունենալ, թե այն ամբողջովին կհաղթահարեք։ Չկա տեղեկություն և հետևաբար չկա հստակ պատկերացում։ Եվրոպական մտքի լուսավորված բանականությունը հրամայում է մտածել պատճառի և հետևանքի տեսանկյունից, վստահել, որ իրադարձությունները կզարգանան կանխատեսելի և քաղաքակիրթ ձևով… Հեղինակը վարպետորեն նկարագրում է յուրաքանչյուր կերպարի հույզերը, հոգեբանական մեխանիզմները և հետագայում նաև մարդկային հարաբերությունների վերափոխումները: Մեր օրերում մենք կարող ենք ավելի լավ հասկանալ նման զգացողությունները, նույնիսկ եթե համատեքստը տարբերվում է: Ինչպե՞ս են մարդիկ ընկալում գալիք ճգնաժամը, որն, ի վերջո, կարող է ազդել դրանց վրա: Բնությունն արդյոք դեր  խաղո՞ւմ է նման ժամանակներում: Ինչպե՞ս կարող է շրջապատն ու տեղը ազդել մեր հույզերի վրա:

 

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան. Կարծում եմ՝ ձեր հարցերն արդեն ներառում են որոշ պատասխաններ: Այո, հաճախ մենք փորձում ենք պայքարել վախի և այլ տհաճ հույզերի հետ՝ ընտրելով չմտածել այնպիսի բաների մասին, որոնք միանգամայն կարող են տեղի ունենալ: Մենք փորձում ենք անտեսել այն հնարավորությունը, որ մենք նույնպես կարող ենք տուժել այդ դանդաղ մոտեցող, բայց ահավոր սպառնալիքից: «Ես այդ մասին կմտածեմ վաղը: Վաղն այլ օր է », - այո, երբեմն մենք հակված ենք մտածել այս տողերի երկայնքով: Այդպիսին էր նաև իմ առաջին և հիմնականում անգիտակից արձագանքը գլոբալ համաճարակին և այն շատ իրական հնարավորությունը, որ աշխարհի մեր անկյունը ևս չի կարող խույս տալ դրանից: Հավանաբար, դա ինչ-որ հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է… Եվ բնությունը… Այո, բնությունն օգնում է մեզ հանգստանալ, շրջապատել և գուցե հաղթահարել տվյալ իրավիճակը: Վերֆելի վեպում կարելի է գտնել մի քանի դրվագներ, որտեղ հեղինակը հիանալիորեն նկարագրում է, թե ինչպես են մարդու զգացմունքները փոխվում և վերափոխվում, երբ այդ մարդը դառնում է դեպի է բնությունը, նայում է նրանց վերևում գտնվող աստղային երկնքին, ինչպես մի ժամանակ դա անում էր Կանտը:

 

 

Իլվա Սկուլտե. Վեպը որոշակիորեն առեղծվածային վերնագիր ունի, համենայն դեպս, այն կարող է խորհրդավոր լինել լատվիացի ընթերցողների մեծամասնության համար, ովքեր գուցե չկարողանան հասկանալ, թե «Մուսա լեռ»-ը կոնկրետ ինչ է: Կարո՞ղ է այս տեղանունն առաջացնել որոշ աստվածաշնչյան նմանություններ, օրինակ` Մովսեսի լեռան հետ, քառասուն տարի անապատում և այլն: Կարո՞ղ եք ավելին պատմել լեռան պատմության և դրա խորհրդանշական նշանակության մասին:

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան. Սկզբում ես կցանկանայի շեշտել, որ մենք բոլորս, ովքեր աշխատել են այս նախագծի վրա, գիտակցում էինք, որ գրքի վերնագիրը լատիշերենով խնդրահարույց է լինելու․ մի քանի տարբերակներ քննարկվեցին: Պե՞տք էր թարգմանել տեղանունը, որպեսզի այն դառնա «Մովսեսի լեռը»: Պե՞տք էր փոխել վեպի վերնագիրը, որպեսզի այն դառնա, ասենք, «Քառասուն օր Մուսա լեռան վրա»՝ այդպիսով օգնելով հնարավոր ընթերցողներին պատկերացնել, թե ինչի մասին կարող է լինել գիրքը: Ավելին, «Մուսա լեռ» տեղանունի ստուգաբանությունը պարզ չէ. այն կարող էր ի սկզբանե նշանակել «Մովսեսի լեռ», «Մուսաների լեռ» կամ գուցե այդպես է անվանվել է ի պատիվ տեղացի որևէ հերոս Մուսայի: Դժբախտաբար, այսօր ոչ ոք չի կարող բացարձակ համոզվածությամբ ասել, թե որ ստուգաբանությունն է ճիշտ: Վերֆելը, իհարկե, ուզում էր շեշտել աստվածաշնչյան կապը՝ Մովսես, աքսորի քառասուն տարի, քառասուն օր անապատում, կամ, ի վերջո, ինչ-որ մեկը կցանկանա մեկնաբանել այս վեպի վերնագրի ավելի խորը խորհրդանշական իմաստը: Այսպիսով, լատվիական հրատարակությունը ձեռք բերեց իր վերնագիրը, որը կարող է մի փոքր առեղծվածային կամ խորհրդավոր լինել և շատ մեկնաբանությունների հնարավորություն ընձեռել:

 

 

Իլվա Սկուլտե. Վերֆելի վեպի շատ այլ տեղանուններ հիշեցնում են ոչ վաղ անցյալի փոթորկալից ժամանակների և իրադարությունների մասին։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Թուրքիայի ներքին գավառներում Առաջին աշխարհամարտի տարիներին:

 

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Վեպում մինչև ամենափոքր դետալները նկարագրված է այն, ինչ տեղի է ունեցել։  Երբ ես առաջին անգամ սկսեցի մտորել այս նախագծի մասին, ես արդեն գիտեի, որ իմ խնդիրներից մեկը լինելու է հետազոտություն կատարելը` հասկանալու համար, թե ինչն է մտացածին, գեղարվեստական, և ինչը կարող ավելի մոտ լինել իրականությանն այս վեպում: Ես փնտրում էի և կարդում աղբյուրներ Զեյթունում, Մարաշում, Յողոնոլուքում և «Մուսա լեռ»-ում հիշատակված շատ այլ վայրերի իրադարձությունների մասին: Իհարկե, ընտրությունն ինչ-որ չափով սահմանափակ էր, քանի որ կարող էին օգտագործվել միայն հեղինակին հայտնի աղբյուրները: Եվ ի՞նչ ես հայտնաբերեցի: Վերֆելը, ով մանրակրկտորեն և երկար ժամանակ ուսումնասիրել էր Օսմանյան կայսրությունում հայերի մասին և հատկապես Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առկա ողջ հասանելի գրականությունն ու աղբյուրները, որը սկսվել, բայց ոչ մի պարագայում չէր ավարտվել 1915թ․, իր վեպի տեքստում ներառել է  երկար մերջբերումներ ականատեսների վկայություններից, նամակներից և այլ փաստաթղթերից: Երբեմն դրանք բավականին էական մասնիկներ են՝ ջանասիրորեն վերարտադրված և նվազագույն փոփոխություններով: Դա զարմանալի հայտնագործություն էր, որը նաև օգնեց հասկանալ որոշ այլ բաներ նույնպես:

 

 

Օրինակ, ես կարող եմ անվերապահորեն ասել, որ «Մուսա լեռ»-ն այն պատմավեպերից մեկն է, որը կարելի է գրեթե կատարյալ համարել: Հեղինակի երևակայությունը և իրադարձությունների հայտնի պատմությունները իդեալականորեն հավասարակշռված են: Այնքան իդեալական է, որ երբեմն նույնիսկ զարմանալի բաներ կարող են պատահել: Մի անգամ իմ ձեռքն ընկավ ամերիկացի պաշտոնաթող սպայի՝ ռազմական պատմաբանի գրած մի հոդված, որին, հաստատ, չէր կարելի մեղադրել հայամետության մեջ: Այսպես, այդ հոդվածում նա եկել էր այն եզրահանգմանը, որ Մուսա լեռան շուրջ տեղի ունեցած մարտերն ու փոխհրաձգությունները, որոնք նկարագրված են Վերֆելի վեպում, բավական ճշտությամբ համապատասխանում են պաշտոնական գրություններին, որոնք գրվել են… դրանց մեջ իրականում ներգրավված օսմանյան զինվորականների կողմից։

 

 

Իլվա Սկուլտե. Կոնկրետ այս թեման հայ գրականության մեջ ժողովրդականություն վայելո՞ւմ է․ նկատի ունեմ՝ Հայոց ցեղասպանությունը և Մուսա լեռան շուրջը ծավալված իրադարձությունները: Վերջին շրջանում հրատարակված հետաքրքիր գրական ստեղծագործություններ կա՞ն: Կան մեկնաբանության տարբերություններ նրանից, ինչ Վերֆելը գրել է ավելի քան 80 տարի առաջ՝ մինչև Երկրորդ աշխարհամարտը։

 

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան Այո, իհարկե: Գրականության մի հսկայական հատված կա 1915թ․ Ցեղասպանության մասին: Հայերի համար Ցեղասպանությունն այնպիսի չափերի պատմական վնասվածք է, որը ոչ ոք չի կարող անգամ պատկերացնել: Ավելի քան մեկ միլիոն մարդ է սպանվել և ոչնչացվել, ավելին՝ հայերը կորցրել են իրենց պատմական հայրենիքի մեծ մասը, որտեղ ապրել էին հարյուրավոր, անգամ հազարավոր տարիներ: Ողջ մնացածներից շատերը աքսորի ենթարկվեցին և այժմ աշխարհի գրեթե ցանկացած երկրում կա հայկական սփյուռք, և այդ մարդկանցից շատերը ձեզ կպատմեն, որ իրենց նախնիները 1915թ․ հետո աքսորի են ենթարկվել: Գրականությունը, այսինքն` գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականության բազմաթիվ ժանրեր, փորձում են անդրադառնալ այս ողբերգությանը, բայց դա ամեևին էլ հեշտ չէ: Հայ գրականության մեջ այս թեման համեմատաբար վերջերս է սկսել հայտնվել. մարդկանց պետք էր ժամանակ, որպեսզի կարողանային խոսել կատարվածի մասին․ կամ իրենց նախնիների հետ տեղի ունեցածի մասին: Այժմ կան մի շարք գրական ստեղծագործություններ, որոնք շոշափում են Հայոց ցեղասպանության թեման, և դրանց մեծ մասը գրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին: Որոշները լավն են կամ շատ լավը, իսկ որոշները, թերևս, այնքան էլ հիանալի չեն: Հետաքրքիր է նշել, որ վերջերս այս թեման հայտնվել է նաև թուրքական և քրդական գրականությունում: Հայալեզու աշխատանքները վերլուծել է Ռուբինա Փիրումեանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), ով հիանալի մենագրություն է գրել այս թեմայի վերաբերյալ: Կան նաև հոդվածներ, որոնք գրված են այլ լեզուներով գրված գրական ստեղծագործությունների մասին:

 

 

Բայց նույնիսկ այս համատեքստում է Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը բացառիկ։ Նախևառաջ, սա առաջին ծավալուն վեպն էր, որ կենտրոնացավ բացառապես Հայոց ցեղասպանության վրա։ Երկրորդ, վեպը գրել է ոչ թե ազգությամբ հայը, այլ՝ հրեական ծագմամբ ավստրիացի գրող, ով կարողացել է զգալ ոչ իր սեփական ազգի ցավը։ Եվ երրորդ, վեպն իրոք բացառիկ է, որովհետև այն մեծապես կենտրոնացած է ոչ թե զոհերի ողբերգության, այլ՝ զինված դիմադրության դրվագի վրա։ Նման դրվագները շատ անսովոր էին 1915 թվականին, այդ իսկ պատճառով Վերֆելի՝ թեմայի ընտրությունը նույնիսկ ավելի շատ է դրվատանքի արժանի։

 

Իլվա Սկուլտե. Ինչպե՞ս է ընկալվում Վերֆելի վեպը Հայաստանում: Ավստրիայո՞ւմ, Գերմանիայո՞ւմ, այլ երկրներո՞ւմ:

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան Սա հիանալի հարց է, որը վերաբերում է վերջերս ընթացող քննարկումներին` այսպես կոչված «մշակութային յուրացման» վերաբերյալ կամ, ավելի ստույգ, թե որքանով է դա թույլատրելի:

 

Գիտեք, իհարկե, որ ամենաարմատական մոտեցումներից մեկը պահանջում է, որ մենք գրենք միայն այն բաների մասին, որ գիտենք ներսից ու դրսից: Կատարյալ կլիներ, որ մենք պատկանեինք այդ մշակույթին և զգացած լինեինք այն ամենը, ինչի մասին գրում ենք, հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ խճճել: Բայց Վերֆելը, ով հայ չէր, նկարագրում է իրադարձություններ, որոնց նա չի մասնակցել, իրադարձություններ, որոնք պատահել են հեռավոր վայրերում, որտեղ նա երբևէ չի այցելել: Նման խիզախության համար Վերֆելին դաժանորեն քննադատել է գրչակից ընկերներ Արմին Վեգները՝ Ցեղասպանության ականատես, ով, ինչպես ժամանակակից բազմաթիվ գրողներ, վերոնշյալ թեզի հավատարիմ պաշտպաններից էր. չի  կարելի գրել բաների մասին, որոնք ինքդ չես զգացել, քանի որ այդ դեպքում անհնար է հասկանալ դրանք խորությամբ: Սակայն, հետաքրքիր է նշել, որ հայերը Վերֆելի աշխատանքում երբեէ որևէ «մեղք» չեն գտել:  Մասամբ, դա պայմանավորված է նրանով, որ «Մուսա լեռը» վեպում նույնիսկ դետալներն են թվում այնքան  իսկական, որ անգամ պատմության ոլորտի մասնագետները դժվար թե կարողանան անճշտություններ գտնել, էլ ուր մնաց ոչ մասնագետները: Հայաստանում Վերֆելի վեպը աներևակայելի ճանաչում է ձերք բերել: Դա պարզապես վկայություն չէ ցեղասպանության մասին, այլ շատ հուսալի, վստահելի և շատ հզոր վկայություն է: Ինչ վերաբերում է գերմանախոս աշխարհին՝ Վերֆելը միշտ եղել և շարունակում է մնալ հարգված դասական, որի գործերը դեռ ունեն իրենց նվիրյալ ընթերցողների շրջանակը:

.

Իլվա Սկուլտե Թարգմանությունը կարող է բարդ լինել, եթե թարգմանիչը գործ ունի այլ ժամանակների այլ մշակույթ ներկայացնող տեսքտի հետ: Ո՞րն էր Ձեր ամենամեծ մարտահրավերը: Ես ինքս ինձ համար նկատեցի, որ բավականին տարօրինակ կերպով է օգտագործված «ռասա» բառը: Ես կարող եմ ենթադրել, թե որն է դրա պատճառը, բայց, ի՞նչ եք կարծում, լատվիացի ընթերցողն ինչպե՞ս պետք է ընկալի «ռասան» կամ գուցե «ռասիզմը» հենց այս նովելի համատեքստում:

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան Դեե, սրանք իրոք խնդիրներ ու մարտահրավերներ են, որոնց մասին ես կարող եմ ժամերով խոսել: Ասենք 50 կամ շատ ավելի տարիներ առաջ գրված գեղարվեստական գործերը թարգմանելու համար թարգմանիչը միշտ պետք է շատ առանձնահատուկ խնդիր լուծի: Մասնավորապես, որքա՞ն հեռու կարող ենք գնալ տեքստը ժամանակակից դարձնելիս: Անշուշտ, որոշ աստիճանով տեսքտի արդիականացումն անխուսափելի է. ցանկացած թարգմանություն մեկնաբանություն է այլ մշակութային հիմքեր ունեցող մեկի կողմից, որը, շատ ավելի հաճախ, ապրում է նաև այլ, տարբեր ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, կա նաև մի գիծ, որոնք, հավանաբար, մենք չպետք է հատենք:

Վերջերս անգլախոս աշխարհը քննարկում էր ռուս դասականների նորագույն թարգմանությունները: Կան Տոլստոյի և Դոստոևսկու սիրահարներ, որոնք ընթերցել են այս գրողների հիմնական ստեղծագործությունները՝ Կոնստանս Գարնետի թարմանությամբ՝ տպագրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Եվ նրանք պարզապես չկարողացան մարսել  Ռիչարդ Պեվեարի ու Լարիսսա Վոլոխոնսկի թարգմանչական համեմատաբար նոր մոտեցումը: Ինչ վերաբերում է իմ համեստ ջանքերին, ես փորձել եմ պահպանել «դարաշրջանի բույրը», այսինքն՝ ես փորձել եմ պահպանել տերմինները և այդ դարաշրջանին բնորոշ խոսույթը: Նման տերմիններից մեկը «ռասան» է: Երբ Վերֆելը գրում էր «Մուսա լեռը», աշխարհի մեծ մասը կիսախելագար ձևով էր վերաբերվում «ռասային», «ռասայական տարբերություններին», «ռասայական կատարելագործմանը» կամ եվգենիկայի հետ կապված ցանկացած այլ հարցի: Դա է նաև հիմնական պատճառը, որ իմ թարգմանությամբ այս գործը կարդացող լատվիացի ընթերցողները կհանդիպեն այնպիսի տերմինների, ինչպիսիք են՝ «հայկական ռասա» կամ «ռազմիկների ռասա», «գերիշխող ռասա», եթե անգամ դրանք մի փոքր տարօրինակ թվան ժամանակակից ընթերցողի ականջին: «Ռասան», իհարկե, ընդամենը մի օրինակն է այն բառերից, որ ժամանակի ընթացում ձեռք են բերել շատ իմաստաբանական շերտեր: Օրինակ, կա ՛Führer՛ գեղեցիկ բառը: Անգլերենի թարգմանիչը համեմատաբար ավելի հեշտ էր աշխատում այս բառի հետ, որովհետև “leader”-ը / «առաջնորդ» նույն չեզոք և նույնիսկ ավելի դրական իմաստային փափկությունն ունի, ինչ Führer-ը մինչ 1933 թվականը: Բայց դրան համարժեք լատվիերեն  “vadonis”-ը նույնքան նեգատիվ հնչերանգ է ստացել, որքան գերմաներեն օրիգինալը․ հիմա ի՞նչ անենք մենք դրա հետ: Հնարավոր չէ պարզապես անտեսել բազմաթիվ իմաստաբանական շերտերը, այդ իսկ պատճառով որևէ այլ բառ կամ բառեր պետք է գտնվեն, որոնք ճշգրտորեն կարտահայտեն Վերֆելի բնօրինակի իմաստային նրբությունները: Սա նմանատիպ շատ խնդիրներից ընդամենը մի օրինակ է:

 

Իլվա Սկուլտե. Անհնար է պարզապես չնկատել զուգահեռները և ասոցիացիաները աստվածաշնչյան թեմաների հետ: Ինչպե՞ս լուծեցիք մասնավորապես այս խնդիրը Ձեր թարգմանության մեջ: Դա կարևո՞ր էր: Աստվածաշնչի իմացությունը կարող է Վերֆելի վեպի առաջին ընթերցողների և իր ժամանակակից լսարանի միջև հավելյալ տարաձայնություններ առաջանցել․․․

 

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Դա շատ կարևոր խնդիր էր: Որովհետև Վերֆելն, իհարկե, նպատակադրված օգտագործում է բոլոր այդ աստվածաշնչային ասոցիացիաները, ակնարկներն ու մեջբերումները, ինչպես նաև հղումներ հունական էպոսներին, սուֆիական ավանդույթին և այլն, որպեսզի վեպը ձեռք բերի փառահեղ, առասպելական, անժամանակավրեպ որակ: Այո, գրքում նկարագրված իրադարձությունները վերաբերում են շատ կոնկրետ պատմական նախատիպի, բայց միևնույն ժամանակ Վերֆելի պատմածը բազմաշերտ է և ունի խորը սիմվոլիկ նշանակություն: Հավանաբար, նույնիսկ «Մուսա լեռ»-ի առաջին ընթերցողները հարկ եղածի չափ պատրաստված չէին նման դժվար տեքստ կարդալու և վերծանելու համար։ Բայց Դուք ճիշտ եք ասում. այն ժամանակներում մարդիկ ավելի լավ գիտեին Աստվածաշունչը: Այն լատվիացի ընթերցողները, որոնք անհարմարություն կզգան տանը՝ կրոնական հարցերի հետ կապված, կարող են կարդալ մեկնաբանությունների բաժինը, որտեղ ես փորձել եմ բացատրել այն հարցերը, որոնք, իմ կարծիքով, հատկապես կարևոր են:

 

Իլվա Սկուլտե Եկեք խոսենք հայերի ցուցաբերված մարդասիրական օգնությունում կրոնի և այս կամ այն հավատքի հետ կապ ունեցող միսսիոներների ու ակտիվիստների կողմից  ունեցած դերի մասին։ Ինչպե՞ս կբնութագրեք դա:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան. Վերֆելը հիացած էր բոլոր կրոններով, հատկապես՝ քրիստոնեությամբ: Նա մեկն էր այն մարդկանցից, որոնց որոշ ժամանակ առաջ անվանում էին Աստծուն որոնողներ. յուրաքանչյուր կրոնի, յուրաքանչյուր հավատքի մեջ նա տեսնում էր արժեքավոր, իրապես կարևոր որևէ բան:

«Մուսա լեռ»-ում կան դրվագներ, որոնք նվիրված են այս կամ այն կրոնական ուսմունքի, դրանց առավելությունների ու թերությունների և ժամանակակից աշխարհում դրանց ունեցած դերի մասին ծավալուն քննարկումներին: Եվ, այո՛, կրոնական հումանիզմը միանշանակ Վերֆելի իդեալներից մեկն էր: Նրա վեպում մենք հանդիպում ենք երկու բողոքական հոգևոր հովվի, մեկ հայ առաքելական եկեղեցու քահանայի, սուֆի ուղղության երկու կարևոր ներկայացուցչի, ինչպես նաև մարդկանց միջի ամենաարդարին, օրինակ՝ մի թուրքմենի, ով նվիրյալ մուսուլման է: Այնուամենայնիվ, պետք է խուսափել վաղաժամ եզրակացություններից: Օրինակ, Գաբրիել Բագրատյանը՝ «Մուսա լեռան» գլխավոր հերոսներից մեկը, որի կյանքը անսխալ զուգահեռներ ունի Մովսեսի կյանքի հետ, առանձնապես չի հետաքրքրվում կրոնի առեղծվածային կողմով, եթե անգամ նա շատ ժրաջան է  իր գաղափարական որակների իրագործման հարցում: Ես կասեի՝ Վերֆելը շեշտը դնում է «մարդասիրության», ոչ թե «կրոնի» վրա: «Մուսա լեռ»-ում կա մի դրվագ, որտեղ բացահայտվում է «բացարձակ աստվածապաշտության» դեմքը, և այս դեմքը չի պատկանում անաստված անձի բառի սովորական իմաստով, դա ոչ կարեկցանք, ոչ ողորմություն չիմացող մարդասպանի կերպար է:

Իլվա Սկուլտե. Համաձա՞յն եք, որ վեպի բացառիկ մոնումենտալությունը մատնում է հեղինակի նկրտումը` ստեղծելու խորհրդանշական պատմություն, առասպել կամ, միգուցե, ներբող. մի բան, որը կարող է ծառայել որպես ազգային գիտակցությունը բարձրացնող ուժ: Մյուս կողմից, կերպարները գծագրված են շատ զգուշորեն, դրանք հոգեբանորեն նուրբ են և, հետևաբար, ինչ-որ կերպ հակասում են էպիկական ժանրի տրամաբանությանը: Ինչպե՞ս կբնութագրեիք հեղինակի հիմնական նպատակը:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Վախենամ, այստեղ ամեն ինչ շատ երկիմաստ է: Նախևառաջ, ես կարծում եմ՝ Վերֆելը հեգնում է ցանկացած դրոշի ծածանում, և դա լավագույն դեպքում: Հիմնականում նա ջերմեռանդորեն դատապարտում է շովինիզմը, որն ավելի հաճախ ծառայում է որպես թատերական մաշված ֆոն՝ շատ իրական վայրագությունների համար: Եկեք մի օրինակ դիտարկենք «Մուսա լեռը» վեպից: Գերմանացի հոգևոր հովիվ Լեփսիուսը գալիս է Կոստանդնուպոլիս` հուսալով վտարված հայերի անունից դիմել բարձրագույն իշխանություններին: Կարիք չկա նշելու, որ նրա դիմումն ինչպես հարկն է արձագանք չի ստանում: Նրան ոչ հստակ տերմիններով ասում են, որ անպիտան փոքրամասնությունները մեծապես արժանի են նրան, ինչ կարող էր պատահել նրանց հետ: Եվ նույն ժամանակ Կոստանդնուպոլիսը հիացականորեն տոնում է մի ազգային տոն. դա շլացնող բարբարոսական ֆոն է երկրի ծայրամասերում տեղի ունեցող տեղահանությունների, կոտորածների ու վայրագությունների համար: Եթե մենք փորձենք մեկնաբանել «Մուսա լեռը»՝ որպես հերոսական կամ էպիկական պատմվածք, ապա պետք է խոստովանենք, որ սա նման ժանրի համար բավականին անսովոր օրինակ է: Հնարավոր է զուգահեռներ փնտրել Հոմերոսի «Իլիականի» հետ, բայց հետո անհնար է չնկատել, որ հեղինակի ուշադրությունը կենտրոնացած է պաշարված Տրոյայի և տրոյացիների, այլ ոչ թե հերոսական աքայացիների վրա: Ես կասեի, որ «Մուսա լեռը» ինքնաբուխ հերոսների պատմություն ու դատապարտված ապստամբների տարեգրություն է: Մեկ այլ բան էլ կա: Ճիշտ է՝ Վերֆելի վեպն ունի որոշ շատ հանդիսավոր և ողբերգականորեն գեղեցիկ դրվագներ, բայց հիմնականում դրանք միապաղաղ առօրյա կյանքին առնչվող տեսարաններ են, որոնք չունեն հերոսության հետքեր: Իմ կարծիքով, անվերջանալի ողբերգության և ամենօրյա ծանր աշխատանքի համադրությունը շատ բնորոշ է, օրինակ, Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գործին, բայց դժվար թե որևէ մեկը նման առանձնահատկություն կարողանա գտնել դասական էպիկական պոեմներում:

Իլվա Սկուլտե Վեպի հերոսները հանկարծ հասկանում են, որ հայտնվել են պատմության քառուղիներում: Նրանք տատանվում են, նրանք սպասում, իսկ ավելի ուշ բաժանվում՝ ընտրելով տարբեր ճանապարհներ: Սա բավականին տարօրինակ ընտրություն է թվում մեր այսօրյա գլոբալիզացված աշխարհում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Ես կասեմ, որ դա շատ ժամանակակից ուղերձ է. մենք պետք է հարգենք այլոց ընտրությունը: «Մուսա լեռան» ամենակարևոր դրվագներից մեկում  հայ գլուղացիների մեծամասնությունը որոշում է կռվել հանուն իրենց կյանքի, մինչդեռ մեկ այլ մաս որոշում է ենթարկվել իշխանությունների տեղահանման հրամանին: Որոշ տաքգլուխ երիտասարդներ ծաղրում են հրամանին ենթարկվողներին, բայց իմաստուն  Տեր Հայկազուն քահանան վրդովված արգելում է ցանկացած ծաղր: Ես կարծում եմ՝ այս դրվագը շատ խորհրդանշական է: Սխալ է մտածել, թե ինչ-որ պահի որևէ մեկը, անհատ կամ խումբ կարող են ունենալ բոլոր ճիշտ պատասխանները, հետևաբար նաև մյուսներին քննադատելու բարոյական իրավունք: Ոչ մեկ չի կարող հստակ ասել, թե ապագան ինչ է նախատեսել: Մարդիկ հուսահատորեն փնտրում են պատասխաններ, և հաճախ չկա որևէ երաշխիք, որ գտնվածը ճիշտ պատասխանն է: Հենց սա է փոխադարձ հարգանքը և տարբեր ընտրությունների ընդունումը դարձնում քաղաքակիրթ գոյակցության անհրաժեշտ նախադրյալ՝ հատկապես ճգնաժամի պայմաններում: Մեկ կարևոր զգուշությամբ. մեկի ընտրությունը չպետք է խաթարի ուրիշների կյանքը կամ բարեկեցությունը:

Իլվա Սկուլտե.  Կա՞ որևէ այլ բան, օրինակ՝ որոշ կարևոր ուղերձներ, որ կուզեք ընդգծել «Մուսա լեռան» հենց Լատվիայի (ոչ Գերմանիայի, Ավստրիայի Ռուսաստանի և այլն) ըներցողների համար:

Իլզե Պաեգլե-Մկրտչյան․ Կարծում եմ Լատվիայի ընթերցողները, որոնք նոր են սկսել դառնալ դեպի իրենց երկրի, ազգի կամ ընտանիքի պատմական ողբերգությանը, չպետք է մոռանան, որ կան նաև այլ պետություններ ու այլ ազգեր, որոնք շատ նման փորձությունների միջով են անցել:

Անշուշտ կան հայերը և հրեաները, բայց կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, ինչպես նաև մարդիկ, որոնք ապրում են Չինաստանում, Կամբոջայում և Ռուանդայում…  Ցավոք, այս շարքը կարող է անվերջ շարունակվել, որովհետև 20-րդ դարը չի զլացել տրավմաների ենթարկել ազգերին, խմբերին ու անհատներին: Եվ ես հավատում եմ, որ մենք պետք է կարդանք, մտածենք ու խոսենք այս ողբերգությունների մասին՝ անկախ նրանից, թե որքան դժվար և էմոցիոնալ առումով հյուծիչ է դա: Դա կարող է օգնել մեզ հասկանալու, թե որքան նման ենք մենք կամ նման իրավիճակումներում  որքան միանման կարող է լինել մեր պահվածքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]