Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պահանջատիրությունը մեր ինքնության անքակտելի մասն է

Պահանջատիրությունը մեր ինքնության անքակտելի մասն է

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ ապրիլի 24-ին տեղի չի ունենա ավանդական համաժողովրդական երթը դեպի հուշահամալիր։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ։

 

–Պրն Մարության, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց ընկալումների վրա նման զարգացումը։

–Վստահ եմ՝ արմատական ազդեցություն չի ունենա։ Ինչու՞։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը հայոց ինքնության առանցքներից մեկն է։ Ինքնության տարրերը՝ հայերի թե օտարների մեջ, շատ դժվար են փոխվում. դա կարող է լինել միայն հասարակական մեծ ցնցումների հետեւանք։ Համավարակի նահանջը, վստահ եմ, ավելի կուժեղացնի ժողովուրդներին բարոյապես. արդեն այսօր մեր աչքի առաջ են մասնագիտական թե մարդկային նվիրումի, փոխադարձ հոգացողության եւ օժանդակության, սերունդների համերաշխության բազում օրինակներ։ Դրանք կշարունակվեն, նոր որակ կստանան, նոր լուծումներ կգտնեն այս դժվարությունները հաղթահարելուց հետո եւս։ Տարվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, գլուխ են խոնարհում, ծաղիկներ են դնում։ Դա վաղուց ի վեր անմեղ նահատակների հիշատակին դարձել է նաեւ պարտքի նման մի բան։ Վստահ եմ, որ ազատ տեղաշարժի արգելքների թուլացմանը զուգահեռ մարդկանց հոսքը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր կշարունակվի նույն թափով։

 

–Ի՞նչ կարող ենք եւ պետք է սովորենք այս մարտահրավերը հաղթահարելու արդյունքում։ Որքանո՞վ վիրտուալ կրթական եւ ճանաչողական ծրագրերը կարող են փոխարինել իրական կյանքում իրականացվող աշխատանքներին։

–Սոցիալական ցանցերը բավականին ժամանակ է, ինչ հաստատուն տեղ են գտել մարդկանց կյանքում, շատ շատերի համար էլ, կարելի է ասել, զգալի չափով փոխարինում են իրական կյանքին։ Տարբեր սոցիալական ցանցեր տարբեր առաջարկներով են ներկայանում հանրությանը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը նշելու համար։ Կարծում եմ, այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր ծագերում հայ մարդիկ միանում են ցեղասպանության զոհերին հիշելու եւ պահանջներ ներկայացնելու նույնատիպ գործողություններին՝ միավորում է մարդկանց, միասնության եւ միակամության զգացում է ստեղծում։ Նկատեմ, որ նույնպիսի զգացում է ձեւավորվում մարդկանց մեջ ամենամյա ապրիլքսանչորսյան երթերի ժամանակ։ Սակայն նաեւ միանշանակ է, որ վիրտուալ դաշտում իրականացվող գործողությունները երբեք էլ ամբողջությամբ չեն փոխարինի մարդկանց մասնակցությամբ տեղ գտնող երթերին։

 

–Բազմիցս բարձրաձայնել եք, որ Հայոց ցեղասպանության մասին կրթության եւ հանրային իրազեկվածության առումով խնդիրներ կան սկսած Հայաստանից։ Ինչի՞ մասին է խոսքը։ Որտեղից պետք է սկսել եւ ինչ է պետք անել։

–Կարծում եմ, որ խնդիրը դպրոցական կրթության համակարգում է, ուր, որպես առանձին առարկա, պետք է դասավանդվի Հայոց ցեղասպանությունը, նաեւ այլ ցեղասպանություններ։ Պետք է մշակվի համապատասխան մեթոդաբանություն, անցնի մասնագիտական փորձաքննություն, համեմատվի-համադրվի այլ երկրների դպրոցական կրթության փորձառության հետ, հետո միայն ներդրվի։ Մեր հեռահար խնդիրների մեջ է 2022 թ. «Հայոց ցեղասպանության դասավանդումը աշխարհում. մարտահրավերներ եւ լուծումներ» թեմայով գիտագործնական գիտաժողովի կազմակերպումը թանգարանում։

 

–Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել, սակայն արտակարգ դրության պայմաններում որոշվել է այն տեղափոխել վիրտուալ հարթություն։ Այս նախաձեռնության անվան ձեւակերպումը քննադատությունների ալիք բարձրացրեց։ Ի՞նչն էր նման առիթ տվել։

–Պետք է սկսեմ ոչ հեռավոր անցյալից։ 1980-ականների վերջից սկսած, սկզբում «Մեմորիալ» կազմակերպության խողովակներով, ապա եւ պետության ակտիվ միջամտությամբ ստեղծվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ զոհերի համացանցային շտեմարանները։ Խորհրդային տարիներին քարոզչական նպատակներով լայնորեն թմբկահարվող «Հիշենք բոլորին անուն առ անուն» եւ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսները կենսագործվեցին, նյութականացան միայն հետխորհրդային տարիներին։ Ստալինյան բռնությունների միլիոնավոր զոհերի տվյալները պարունակող շտեմարաններ նույնպես ստեղծվեցին, այդ թվում նաեւ Հայաստանում։ Մի քանի տասնյակ տարի Հոլոքոստը ուսումնասիրողները (մասնավորապես՝ Յադ Վաշեմ թանգարանը) հստակեցնում են Հոլոքոստի զոհերի անձնական տվյալները. ստեղծվել է Հոլոքոստի զոհերի եւ վերապրողների տվյալների շտեմարան, որի միջոցով վեց միլիոն զոհերից ներկայումս ճշտված են շուրջ 4.7 միլիոնի անուններն ու տվյալները։ Հայոց ցեղասպանության պարագայում նման ձեռքբերումներով չենք կարող հպարտանալ։ Փորձեր ձեռնարկվել են, սակայն ինչինչ պատճառներով դրանք մնացել են ճանապարհի կեսին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն անցյալ տարվանից իր աշխատանքային գործունեության մաս է դարձրել այս խնդիրը։ Ունենք հրաշալի կարգախոս՝ «Հիշում եմ եւ պահանջում», սակայն «ու՞մ եմ հիշում» հարցի պատասխանը՝ ի դեմս զոհերի ու վերապրողների անունների, մնացած հնարավոր տվյալների համահավաքի՝ չկա։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2019-ից փորձեց շարունակել թանգարանում տարիներ առաջ սկսված աշխատանքները։ Առաջին հերթին շարադրվեց դրամաշնորհային ծրագիր, համացանցային ծրագրաշարի ստեղծումը ավարտական փուլում է։ Աշխատանքը պահանջում է հսկայական կազմակերպչական գործունեություն, հաստիքներ, տեխնիկա, բնականաբար՝ նաեւ գումարներ։ Ու սա տարիների գործ է, երկար տարիների։ Այս նյութը հավաքելու ձեւերից մեկն էլ ուղղակիորեն մարդկանց դիմելն է։ Դիմել ենք։ Բազմիցս շեշտել են հարցի կարեւորությունը տարբեր հարցազրույցներում։ ՀՑԹԻ-ի կայքէջում գործարկվեց «Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին» նախագիծը, սակայն այն ակնկալվող լայն արձագանք չունեցավ։ Անցյալ տարի մտածեցինք, որ կարելի է փորձել Հայոց ցեղասպանության 105-ամյակին դիմել մեր քաղաքացիներին՝ առաջարկելով Հայոց ցեղասպանության զոհ եւ վերապրող իրենց հարազատների լուսանկար-վահանակներով երթ կազմակերպել։ Թանգարան-ինստիտուտում հարցը քննարկել ենք մի քանի անգամ՝ մի դեպքում փոքր աշխատանքային խմբով, ապա եւ անցյալ տարեվերջին՝ բաժնի վարիչների խորհրդակցությամբ։ Դիմեցինք տարբեր տեղեր՝ կար մեծ հետաքրքրություն, ուղղակի որոշ կազմակերպական պահերի լուծումների ձեւերը դեռեւս հստակեցման կարիք ունեին։ Հետո սկսվեց համավարակը։ Ու մտածեցինք այս խնդիրը դնել համացանցում՝ առաջարկելով դիմատետրի օգտատերերին իրենց դիմանկարները փոխել իրենց զոհ կամ վերապրող հարազատ-բարեկամների լուսանկարներով կամ պարզապես անուն-ազգանուններով ու դնել հատուկ այդ նպատակի համար ստեղծված գրությունը՝ «Ես հիշում եմ»։ Այսինքն՝ հիշում եմ կոնկրետ մարդու-մարդկանց։ Չեմ մոռացել նրանց։ Բոլորիս հայտնի 1.5 միլիոնի մի հյուլեն է նրանցից ամեն մեկը, բայց արժանի է/են, որ հիշվի/հիշվեն անուն առ անուն։ Եվ քանի որ արեւմտահայ գաղթականության ժառանգները կազմում են մերօրյա Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ կեսը, մյուսների համար առաջարկեցինք իրենց դիմատետրային նկարները փոխարինել արեւմտահայ հայտնի մտավորականների, գործիչների, զորավարների լուսանկարներով։ Չէ՞ որ, վերջին հաշվով, Հայոց ցեղասպանության հիշողությունը միայն արեւմտահայերի ժառանգներինը չի, այն բովանդակ հայության հավաքական հիշողության, հավաքական ինքնության մաս է կազմում։ Ես կասեի՝ առանցքային մասը։ Մենք մտածում էինք, որ օգտատերերի ու նրանց առաջարկած լուսանկարների, այլ տվյալների պատմությունները հավաքելով, ի մի բերելով, հետագայում կդիմեինք նրանց՝ խնդրելով լրացնել համապատասխան հարցաթերթիկները եւ այդ կերպ մի կարեւոր քայլ կարվեր շտեմարանի ձեւավորման գործընթացում։ Ինչպես տեսնում եք, հարցը եղել է այս հարթության մեջ։ Ու դա շատ հստակ շարադրվել է ՀՑԹԻ-ի կոչում։ Որեւիցե քաղաքական նպատակ չի հետապնդվել, ինչի մասին պարզորոշ ասված է նաեւ ՀՑԹԻ-ի արձագանքի մեջ։ Պահանջատիրությունն ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ բոլորիս պայքարի առանցքում, քանի որ այն մեր ինքնության անքակտելի մասն է կազմում։

–Մեր զրույցներից մեկի ժամանակ կարեւորեցիք «հիշողության մշակույթը», որով զբաղվել եք շուրջ 30 տարի։ Անհրաժեշտ էիք համարում մարդկանց ընկալումներում եւ թեմայի ներկայացման հարցում նոր շեշտադրումներ մտցնելը։ Ի՞նչ տեսանելի փոփոխություններ կան վերջին մեկ-երկու տարվա կտրվածքով։

–Դժվար հարց է։ Կարծում եմ, դեռ ժամանակ է պետք գնահատականներ հնչեցնելու համար։

 

–Ի՞նչ ծրագրերի շուրջ էր աշխատում թանգարան-ինստիտուտը։

–Մենք մշակել ենք մի շարք ծրագրեր, որոնց իրականացման համար լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ։ Դրանցից մեկը համացանցային հենքով «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարանի» ստեղծումն է, որի գլխավոր նպատակն է մեկտեղել եւ հավաքագրել Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի եւ վերապրածի անձնական տվյալները՝ հնարավորինս հասանելի կենսագրական տեղեկություններով։ Կրթական ծրագրերի իրականացումը նույնպես կարեւորում ենք, քանի որ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը խիստ մեծ նշանակություն է տալիս ապագա սերունդներին կրթելու առաքելությանը։ Այս նպատակով թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է աշակերտների եւ ուսուցիչների, ինչպես նաեւ սփյուռքահայերի համար նախատեսված հատուկ կրթական ծրագրերի ստեղծում։ Կան նաեւ այլ ծրագրեր, որոնց կենսագործման համար, ինչպես ասացի, որոնում ենք համապատասխան ֆինանսավորում։ 2020 թ. պլանավորել էինք առնվազն երեք միջազգային գիտաժողովի եւ երեք ժամանակավոր ցուցադրության կազմակերպում։ Առաջին գիտաժողովը պետք է գումարվեր այս տարվա ապրիլի կեսերին՝ «Կիլիկիան եւ կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով (Մեծի տանն Կիլիկիո հայոց կաթողիկոսության համագործակցությամբ եւ ֆինանսավորմամբ), որին զուգահեռ պետք է բացվեր «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցահանդեսը։ Վերջինիս էլեկտրոնային տարբերակը պատրաստ է եւ այս քանի օրը կառաջարկվի հանրության դատին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջում։ Հունիսին պետք է գումարվեր «Երեխաները եւ ազգը. երեխաների բռնի տեղափոխումը եւ ցեղասպանության կոնվենցիան. պատմություն եւ արդիականություն» խորագրով գիտաժողովը՝ համագործակցությամբ գործընկեր կազմակերպություն Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի, Ավստրալիայի Դեակին համալսարանի եւ Լեհաստանի Պիլեցկի ինստիտուտի։ Նախատեսվում է նաեւ ժամանակավոր ցուցադրության կազմակերպում, որի ժամանակ ներկայացվելու են երեխաների բռնի տեղափոխման դեպքերը։ Գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀԲԸՄ-ն, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեն։ Վերջապես երրորդ գիտաժողովը կազմակերպվելու է հոկտեմբերին. կազմակերպիչն է Թանգարանների միջազգային խորհրդի մարդկության հանդեպ հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված հուշային թանգարանների միջազգային կոմիտեն եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Այս գիտաժողովին նույնպես պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

 

Ո՞րն է լինելու բնականոն կյանքի վերադառնալուց հետո առաջին քայլը։

–«Կիլիկիան եւ կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային գիտաժողովի հրավիրումը եւ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Նաեւ թանգարանի ֆոնդերի հաշվառման, պահպանման եւ օգտագործման, ֆոնդերից օգտվելու ընթացակարգերի վերջնական քննարկումն ու հաստատումը։ Ինչպես եւ ցուցադրության խորագրերի տեքստերի վերանայման գործընթացի ամբողջացումը, խմբագրման ավարտը եւ գիտական խորհրդի նիստում քննարկելը։

 

Զրուցեց Լուսինե Մխիթարյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]