Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկում է կարանտինային պայմաններից դուրս գալու փուլը․ պահանջվում է կրկնակի զգոնություն

Մեկնարկում է կարանտինային պայմաններից դուրս գալու փուլը․ պահանջվում է 
կրկնակի զգոնություն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ տեսաուղերձով՝ կապված կարանտինային իրավիճակի ու դրանից աստիճանաբար դուրս գալու ճանապարհների հետ։

Իր ուղերձում վարչապետն առաջ քաշեց համակեցության նոր սկզբունքների որդեգրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նոր պայմանները պարտադրում են մեզ որդեգրել նոր վարքագծային նորմեր։ Հիրավի, տարբեր պատմաշրջաններում տարբեր գործոնների ազդեցությամբ է, որ մեր հասարակության մեջ ձեւավորվել են իրեն բնորոշ վարքագիծը, սովորույթներն ու մշակութային առանձնահատկությունները։ Հիմա էլ մի ժամանակահատված է, որն իր հերթին հանգեցնելու է մեր կենցաղի ու սովորույթների վերափոխման կամ դրանցում նոր տարրերի ավելացման։ Վարչապետի ուղերձի մեխը հենց սա է, որ մենք պետք է գիտակցենք կորոնավիրուսի առկայությունը եւ մինչեւ դրա պատվաստանյութի հայտնաբերումը՝ սովորենք ապրել դրա առկայությամբ։

«Մեր ռազմավարական խնդիրը հետեւյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի։ Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում։ Հետեւաբար, մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ, եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով»,–նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով փաստացի ազդարարեց աստիճանաբար բնականոն կյանքին վերադառնալու գործընթացի մեկնարկի մասին, բայց միեւնույն ժամանակ կարեւորեց կորոնավիրուսային անվտանգության անհրաժեշտ նորմերի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի խուսափել համավարակի տարածման նոր ալիքից. «Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում։ Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմանները։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները։ Այսօրվանից արդեն բոլոր տնտեսավարողները պետք է կորոնավիրուսային ապահովության ապահովման պլաններ ունենան նաեւ իրենց ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար»։

Բնական է, որ Հայաստանը չի կարող շարունակ ապրել կարանտինային պայմաններում, արգելակված տնտեսությամբ, ի վերջո, սահմանափակ են նաեւ մարդկանց օգնություն ցուցաբերելուն ուղղված կառավարության հնարավորությունները։ Որքան էլ կառավարությունը 13 հակաճգնաժամային ծրագիր է նախաձեռնել, որոնք արժեցել են միլիարդավոր դրամներ, այդ միջոցներն անվերջ չեն, բացի այդ չեն լուծում բնակչության բոլոր խնդիրները։ Ըստ այդմ, հարկավոր է ապահովել պետության ու տնտեսության բնականոն գործունեությունը եւ տնտեսության շրջանառությունը։

Վարչապետի խոսքով՝ արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք. «Եթե այդպես վարվենք, մայիսի 14—ից արդեն փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի։ Եթե այդպես չվարվենք, համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի»։

Կարելի է արձանագրել, որ կորոնավիրուսի առաջին ալիքը, ըստ էության, հաղթահարված է եւ այն դարձել է կառավարելի պետության ու առողջապահական համակարգի համար, պետությունը ձեռնարկել է մի շարք միջոցներ՝ հանրության սոցիալական խնդիրները նվազեցնելու համար։ Այժմ հասել ենք մի հանգրվանի, երբ մեկնարկում է կարանտինային իրավիճակից դուրս կորոնավիրուսային պայմաններին ադապտացման փուլ։ Այն պահանջում է բարձր զգոնություն թե՛ գործարարներից, թե՛ քաղաքացիներից։ Կկարողանա՞նք մեկ մարդու նման պահպանել զգուշավորություն՝ կխուսափենք համաճարակի հետագա տարածումից, չե՞նք կարողանա՝ կկանգնենք նոր, ավելի բարդ խնդիրների առաջ։

 

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]