Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44,9%–ը

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել 
է ընտրողների 44,9%–ը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9%–ը։ «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Գայանե Առուշանյանը։

«Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 47 հազար 50 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9%–ը»,– ասաց Առուշանյանը։

Գայանե Առուշանյանը նշեց, որ 50%–ից ցածր մասնակցության ցուցանիշը ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենալ չի կարող, և Արցախի նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը հավաքել է առավելագույն «կողմ» ձայներ։

Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ էին դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ