Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում ընտրություններին մասնակցել է ամենատարեց ընտրողը` 111-ամյա Արևհատ տատիկը

Արցախում ընտրություններին մասնակցել է ամենատարեց ընտրողը` 111-ամյա Արևհատ 
տատիկը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում նախահագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը` 111 տարեկան Արևհատ տատիկը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արևհատ տատիկը հայտնել է քվեարկությունից հետո տված հարցազրույցում, որի տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Պողոսյանը։

111-ամյա ընտրողը լրագրողի հարցին պատասխանելով՝ նշում է, որ ճիշտ ընտրություն է կատարել, և, որ ամեն ինչ լավ է լինելու։

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]