Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիդեռլանդահայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան

Նիդեռլանդահայերը հետևում են Առողջապահության նախարարության բոլոր 
ցուցումներին. Էրիկ Աղաբեկյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների հայկական համայնքը, որը  բավականին գործունյա է և օրինապահ, հետևում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկրի Առողջապահության նախարարության բոլոր հրահանգներին և փորձում է հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդներում գործող խոշոր զբոսաշրջային գործակալության ղեկավար Էրիկ Աղաբեկյանը:

«Հոլանդիայում մենք մեծ խնդիրներ ունենք առողջապահության համակագում, որտեղ փոքր-ինչ խուճապ կա՝ կապված ինտենսիվ թերապիայի քանակի հետ: Իսկ սահմանափակումները պահպանվելու են մինչև ապրիլի 28-ը, ուստի բոլոր քաղաքացիները պարտավոր են հետևել կանոններին: Երկրի հայ բնակիչները բացառություն չեն: Մենք այս պահին մեծ առաջընթացի մասին խոսել չենք կարող, որովհետև փոփոխությունները դեպի լավն այնքան էլ մեծ չեն: Բոլորս հույս ունենք, որ շատ շուտով դրական շարժ կնկատվի, և կբացվեն այն հնարավորությունները, որոնք եղել են մինչ վիրուսի տարածումը»,-նշեց Աղաբեկյանն ու հավելեց, որ չունի որևէ տեղեկություն այն մասին, թե տեղի հայերի շրջանում կա՞ն վարակվածներ:

Նրա խոսքով՝ համայնքի անդամները հնարավորինս մեկուսացված են: Անձամբ ինքը երեք կամ չորս շաբաթվա ընթացքում  չի այցելել հորը՝ փորձելով ռիսկի չենթարկել նրան: Աղաբեկյանի շրջապատում բոլորն են այդպես մտածում: «Պետք է խոստովանել, որ հատկապես երիտասարդների շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք հարցին ավելի թեթև են նայում, բայց նրանք ևս, միևնույն է, զգույշ են:  Քիչ չեն բարձր գիտակցություն ունեցողները, որոնք մեծ պատասխանատվություն են կրում և՛ իրենց, և՛ իրենց հարազատների համար:  Տեղի հայերը շատ ինֆորմացված են»,-ընդգծեց Նիդեռլանդների հայկական համայնքի ներկայացուցիչն ու հորդորեց Հայաստանում ապրող հայերին լրջությամբ վերաբերել հարցին և զերծ մնալ սխալներից, ինչը շատ կարևոր է:

Անդրադառնալով Նիդեռլանդներում  ՀՀ դեսպանության աշխատանքին՝ Աղաբեկյանն ասաց, որ դեսպանատունը ակտիվ է. դեղորայք է հայթայթում, թոքերի օդափոխման սարքեր, որոնք առաքվում են Հայաստան, աջակցում է այն հայրենակիցներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան:

Նիդեռլանդներում բնակվում է շուրջ 40 հազար հայ։ Նրանց թվում հին և նոր ձեռնարկատերեր են, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ են։ Տասնյակ ճարտարագետներ աշխատում են հոլանդական «Ֆիլիպս» և «Տելեֆունկեն» հանրահայտ ընկերությունների ձեռնարկություններում։ Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին, մշակութային միությունները։ Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է  Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 204-ից ավելի երկրներում և տարածքներում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am