Օրինագծում կան շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր․ ՀՀ ՄԻՊ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է տեղեկության տրամադրումը չհիմնավորված մերժելու ռիսկեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:
«Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ։