Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը»,– ասաց նա։
ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկությանը մասնակցածների թվերն ըստ շրջանների.
Ստեփանակերտում քվեարկել է 27893 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 70,6%–ը, Ասկերան` 9611 ընտրող կամ 79,4%–ը, Հադրութ` 6707 ընտրող կամ 76,3%–ը, Մարտակերտ` 9942 ընտրող կամ ընտրողների 73,3%–ը, Մարտունի` 12657 ընտրող կամ ընտրողների 72,5%–ը, Շահումյան` 1600 ընտրող կամ 74,8%–ը, Շուշի` 2853 ընտրող կամ ընտրողների 71,7%–ը, Քաշաթաղ` 4799 ընտրող կամ ընտրողների 67,5%–ը։
Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 409 ընտրող կամ ընտրողների 52,2%–ը։
Արցախում մարտի 31–ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն
- «Միասնական հայրենիք» կուսակցություն
- «Անկախության սերունդ» կուսակցություն
- «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
- Արցախի հեղափոխական կուսակցություն
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
- Արցախի «Արդարություն» կուսակցություն
- Արցախի ժողովրդավարականկուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- Արցախի պահպանողական կուսակցություն
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք