Արցախի նախագահի թեկնածու Խանումյանը բոլոր թեկնածուների պայմանները ֆորմալ առումով հավասար է համարում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ–ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը մրցապայքարում բոլոր թեկնածուների համար ստեղծված պայմանները ֆորմալ առումով հավասար է համարում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ այս մասին Խանումյանն ասել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը նշել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների։
«Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք դիմակայել ֆորսմաժորային իրավիճակներին: Ցավոք, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լիներ դիմակայել բոլոր դժվարություններին»,- ասել է Խանումյանը:
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն
- «Միասնական հայրենիք» կուսակցություն
- «Անկախության սերունդ» կուսակցություն
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
- Արցախի հեղափոխական կուսակցություն
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
- Արցախի «Արդարություն» կուսակցություն
- Արցախի ժողովրդավարական կուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- Արցախի պահպանողական կուսակցություն
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում