Արթուն գիշերներ՝ հանուն մեր առողջ առավոտների
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմենակ Արմենակյան փող., շենք՝ 153․ սա այլևս սովորական բուժհաստատության սովորական հասցե չէ։ Այս հասցեում բժիշկները կյանքի ու մահվան կռիվ են տալիս ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Տուն չեն գնում, իրենց ընտանիքներին չեն տեսնում, քնում են 2-3 ժամ, ուտում են ինչ կհասցնեն, փոխարենը՝ աշխատում են։ Աշխատում են՝ դադար չտալով, գլուխները կախ, առանց աղմուկի։
Վերջին օրերին մենք սկսեցինք ավելի հաճախ որոնողական համակարգերում գրել այս հիվանդանոցի անունը, հետո փնտրեցինք այնտեղ աշխատող մարդկանց, հաշվեցինք հիվանդասենյակները, ապա՝ մահճակալներն ու սարքավորումները։ Հիմա էլ ոչինչ չենք հաշվում, պարզապես սպասում ենք։ Սպասում ենք՝ հավատով, որ մեր թիկունքն ամուր է։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ բուժհաստատություն, որտեղ բժիշկներն արթուն գիշերներ են անցկացնում՝ հանուն մեր առողջ առավոտների։ Իսկ ո՞վ է այդ նվիրյալների բանակը առաջնորդող բժիշկը՝ բուժհաստատության տնօրենը։ Ես էլ ձեզ պես որոշեցի փնտրել նրան ճանաչող մարդկանց, հարցուփորձ անել ու գրել այն, ինչ պատմել են, գրել՝ առանց մի բառ ավելացնելու։
Ո՞վ է Մհեր Դավիդյանցը
Մհեր Դավիդյանցը կրթությամբ, մասնագիտացմամբ ու աշխատանքային փորձով ինֆեկցիոնիստ է՝ համաճարակաբան։ Նա հայտնի համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վլադիմիր Դավիդյանցի որդին է։
Որտե՞ղ է ծնվել ու սովորել
Ծնվել է 1983 թ. Երևանում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, ավարտել՝ գերազանցությամբ։
Որտե՞ղ է վերապատրաստվել
Վերապատրաստվել, դասընթացների ու սեմինարների է մասնակցել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Էստոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Ունի ավելի քան 4 տասնյակ գիտական հոդված, որոնք տպագրվել են անգլալեզու, ռուսալեզու ու հայալեզու պարբերականներում։
Ի՞նչ են պատմում դասախոսները նրա մասին
Աննա Հարությունյան (ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի դոցենտ)
-Ես Մհերին անատոմիա եմ դասավանդել ԵՊԲՀ-ում։ Չափազանց կարգապահ ու կազմակերպված ուսանող էր, որը ցանկանում էր գլուխ հանել մասնագիտական բոլոր հարցերից։ Ինձ համար Մհերն առանձնանում էր նաև իր ազնվականությամբ, ինչը, թերևս, հորից որդուն է փոխանցվել ժառանգաբար։
Համալսարանն ավարտելուց հետո նրան հանդիպել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, որտեղ նա դասավանդում և գիտական աշխատանք էր կատարում։ Այսօր Մհեր Դավիդյանցը պատվով իր ուսերին է տանում մասնագիտական որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, որից կախված է հազարավոր մարդկանց կյանքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում