Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը վստահ է` հետվիրուսային շրջանում տնտեսական աճի տեմպն ու որակը լինելու է ավելի լավը

Փաշինյանը վստահ է` հետվիրուսային շրջանում տնտեսական աճի տեմպն ու որակը 
լինելու է ավելի լավը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ոչ թե ողբալու է կորսված տնտեսական հնարավորությունների համար, այլ միջոցներ է ձեռնարկելու` առաջիկայում օգտագործելու համար նոր հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ հունվար-փետրվարի արդյունքներով արձանագրվել է տնտեսական ակտիվության շատ բարձր ցուցանիշ: Փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.2 տոկոս է, ընդ որում՝ արդյունաբերությունն աճել է 9.7 տոկոսով, շինարարությունը` 25 տոկոսով: «Սա ցույց է տալիս, որ մենք տարվա առաջին երկու ամիսներին բավականին բարձր տնտեսական տեմպ ենք հավաքել: Բաց, ցավոք, պետք է խոստովանենք, որ հիմա այդ խոսակցությունն անցյալում է, մենք հիմա գործում ենք նոր իրավիճակում: Սակայն 2019-ի և 2020-ի առաջին երկու ամիսների տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ մեր կառավարությունը իսկապես տիրապետում է տնտեսության զարկերակին: Իհարկե, նոր պայմաններում մենք պետք է նոր քաղաքականություն մշակենք և արդեն մշակում ենք, նոր քայլեր ձեռնարկենք: Մեր ռազմավարությունը լինելու է ոչ թե ողբալ կորսված հնարավորությունները, այլ ընդհակառակը` միջոցներ ձեռնարկել նոր հնարավորությունները, որոնք ակնհայտորեն լինելու են, օգտագործելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց` կառավարության ռազմավարությունը մնալու է նույնը` աշխատանքի քաջալերում: Վարչապետը շեշտեց` շատ կարևոր է, որ հետհեղափոխական կառավարությունը ի զորու է կայուն և տևական տնտեսական աճի քաղաքականություն վարել: «Համոզված եմ, որ հետվիրուսային ժամանակաշրջանում այդ աճի տեմպը և որակը շատ ավելի լավն է լինելու, ես դրանում չեմ կասկածում»,-ասաց նա ու հավելեց` պետք է մաքսիմալ շուտ դուրս գանք վիրուսային արտակարգ վիճակից: 

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ, մեկուսացումից դուրս եկել 88-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am