Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հովհաննես Թումանյանի թանգարանը ոչ ֆորմալ կրթական և այլ ծրագրեր է իրականացնում օնլայն հարթակում

Հովհաննես Թումանյանի թանգարանը ոչ ֆորմալ կրթական և այլ ծրագրեր է 
իրականացնում օնլայն հարթակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանից տուն նամակագրություն», «Կտոր մը հումոր»: Այս և այլ հետաքրքիր ծրագրերով Հովհաննես Թումանյանի թանգարանը երեխաներին խրախուսում է տանն անցկացրած ժամանակահատվածում չմոռանալ կրթվելու և օրն առավել հագեցած դարձնելու մասին:

Թանգարանն իրականացնում է մի շարք ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, որոնք կարող են բավարարել արվեստի տարբեր ոլորտներով հետաքրքրված աշակերտների, ինչու չէ նաև մեծահասակների պահանջները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը բացեց վերոհիշյալ ծրագրերի փակագծերը:

«Տուն, թեյ, գիրք»

Մարտի 14-ին թանգարանում մեկնարկեց «Տուն, թեյ, գիրք» լուսանկարչական մրցույթը, որի հիմնական նպատակն էր հասկանալ, թե ինչով է զբաղված մեր լսարանն այս շրջանում: Խնդրեցինք ընթերցասերներին լուսանկարել գրքերը, թեյն ու այն տաքուկ անկյունը, որտեղ կարդում են, և այդ լուսանկարն ուղարկել մեզ: Լուսանկարչական մրցույթի հաղթողին հրաշալի գրքերի կապոց ենք նվիրելու: Մոտավորապես 150 մասնակից ունենք: Ընթերցողների հետ քննարկում և ընտրում ենք թումանյանական գրքերից այն մեջբերումները, որոնք կցելու ենք լուսանկարներին: Հաղթողը որոշվելու է լուսանկարի հավանումների քանակով:

Ըստ իս՝ այս մրցույթը նույնպես ոչ ֆորմալ կրթության ձև է: Օնլայն հարթակում նման մրցույթների պակաս չկա, բայց հպարտությամբ պետք է ընդգծեմ, որ առաջինը Հովհաննես Թումանյանի թանգարանն է այն նախաձեռնել:

«Թանգարանից տուն նամակագրություն»

Մենք ունենք մի կրթական ծրագիր, որը կոչվում է «Ընտանեկան փոստարկղ»: Այն  նվիրված է Հովհաննես Թումանյան հոր կերպարին: Ծրագրի շրջանակում երեխաները բացահայտում են Թումանյան հորը: Մենք առանձնացրել ենք բանաստեղծի նամակագրությունը, նամակներից դուրս ենք բերել այն հատվածները, որտեղ Թումանյանը բարոյախրատական դասեր է տալիս իր զավակներին: Նամակները հասցեագրում ենք ծրագրի մասնակիցներին և դրանք ուղարկում նրանց:

Նույն տրամաբանությամբ իրականացնում ենք «Թանգարանից տուն նամակագրություն» ծրագիրը: Արդեն 30 նամակ ունենք, որոնք ուղևորվելու են ծրագրի մասնակիցների տներ: Նամակում լինելու են բացիկներ, որոնք Թումանյանի անձնական հավաքածուի բարձրորակ տպագրություններ են: Նամակները ձևավորված են այդ ժամանակաշրջանի նամակագրության մշակույթին համապատասխան:

Երեխաներն այդպես ստանում են որոշակի ինֆորմացիա և ցանկության դեպքում կարող են Թումանյանին պատասխան նամակ գրել:

«Կտոր մը հումոր» կոմիքսների առցանց փառատոն

Մտածում էինք իրականացնել ծրագիր, որում հնարավոր կլիներ ներգրավել նաև այլ թանգարաններ: Այս փառատոնը հիմնված է մեծերի սրամտությունների վրա: Մեզ միացել են ինը հուշային թանգարաններ, և մենք ստեղծել ենք ֆեյսբուքյան ընդհանուր հրավեր, որում ամեն թանգարան տեղադրել է հետաքրքիր հումորային պատմություն՝ կապված այս կամ այն հայ մեծանուն հեղինակի հետ: Նկարել սիրող մարդկանց համար այս պատմությունները դառնում են բազա: Այստեղից ընտրում են այն պատմությունը, որն առավել են հավանում, այն դարձնում են կոմիքս և ուղարկում են համապատասխան հասցեով: Ինը թանգարանի ֆեյսբուքյան էջում էլ երևում է նախաձեռնության հրավերը:

Թանգարանների բնականոն գործունեության վերկանգնվելուն պես «Կտոր մը հումոր» թանգարանային կոմիքսների առցանց փառատոնը կեզրափակվի Հովհ. Թումանյանի թանգարանում՝ ստեղծված աշխատանքներից կազմակերպված ցուցահանդեսի բացմամբ (եթե ներկայացվեն բավարար քանակի աշխատանքներ) և մասնակիցներին, ըստ իրենց աշխատանքային թեմայի, համապատասխան թանգարանի կողմից նվերների հանձնումով:

Կարծում ենք՝ պարգևատրումները կմոտիվացնեն առավել ակտիվ լինել: Բոլոր թանգարանները տրամադրելու են գրքեր, նկարազարդ ալբոմներ, հուշանվերներ և այլն:

«Արի ծանոթանանք»

«Արի ծանոթանանք»-ը ՀԹԹ-ի կրթական ծրագրերի սենյակի անկյուն է, կրթական ծրագրերի պորտալ, որն ունի «Ֆեյսբուք»-ի էջ: Էջում ներկայացնում ենք Թումանյանի թանգարանի կրթական ծրագրերը, կազմակերպում ենք օնլայն նախաձեռնություններ: Հենց այդ էջում ենք արել «Հովհաննես Թումանյան» 2D անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Այն 114 հազար դիտում ունի:

«Թումանյանների խոհանոցում»

Այս ծրագիրը շուտով ներկայացնելու ենք հանրությանը, բայց գաղտնիքները դեռ չեմ բացի, որովհետև երբեմն մեր գաղափարները արագ են տարածվում և հայտնվում համացանցում:

Տեղեկացնեմ, որ ապրիլի 7-ին կազմակերպելու ենք «Տարմանի» սիրողական թատերախմբի «Մոռացված հեքիաթ» թատերական ներկայացման ֆեյսբուքյան պրեմիերան: «Մոռացված հեքիաթ» ներկայացումը իրականություն է դարձել Հովհաննես Թումանյանի թանգարանի և Նորքի տուն-ինտերնատի համագործակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]