Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չարենցի ժառանգությունը ջահ է, որը լուսավորում է մեր գրականությունը. Մարտի 13-ը գրողի ծննդյան օրն է

Չարենցի ժառանգությունը ջահ է, որը լուսավորում է մեր գրականությունը. Մարտի 13-ը 
գրողի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին մի խումբ մտավորականներ հարգանքի տուրք մատուցեցին գրողի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով Գրողների միությունում գտնվող բանաստեղծի կիսանդրու առաջ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Չարենցը ոչ միայն պոեզիայի, այլև արձակի մեծերից է: «Նրա «Երկիր Նաիրի» և մի շարք այլ գործեր մեծ երևույթներ են: Չարենցը դեռ պատանեկան տարիքից պոեզիայի աշխարհ մուտք գործեց բարձր գրականության շեշտերով: Նրա հոգին ամեն ինչ ընդունում էր, ամեն ինչի արձագանքում էր: Եթե քննում ես նրա ստեղծագործությունները, տեսնում ես, որ  ֆրանսիական, ռուսական մի խոսքով` համաշխարհային գրականության ամենահետաքրքիր երևույթները թեմայի, ոճերի ձևով հայտնվել են նրա գրչի տակ` անցնելով չարենցյան ոգու հսկա քուրայով»,-շեշտեց Միլիտոնյանը:

Միության նախագահի համոզմամբ`Չարենցի լեզուն հզոր, հարուստ լեզվաշխարհի, լեզվամտածողության ամենաբարձր նիշերին է հասել: «Նա իր կարճ կյանքով և կյանքի ողբերգական ավարտով ուսուցանում էր հետևյալը` հարգել գիրը, հարգել ստեղծագործողին, օրենքը, ճշմարտությունը և միշտ մնալ հայրենիքի ոգուն հավատարիմ»,-շեշտեց Միլիտոնյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը Չարենցին նոր գրականության, նոր գեղագիտության օրենսդիր է համարում: «Ափսոս` Չարենցը կարճ ապրեց: Նրա թողած ահռելի ժառանգությունն այն ջահը դարձավ, որը մինչև այսօր լուսավորում է մեր գրականության ճանապարհները և հավերժ  պետք է լուսավորի: Չարենցը կամուրջ էր միջնադարյան, նորագույն շրջանի, գալիք սերունդների վարպետների միջև: Անչափելի է Չարենցի մեծությունը»,-ընդգծեց Վարդանյանը:

Անդրադառնալով այն գրքերին, որոնք ինքը սիրում է վերընթերցել`թանգարանի տնօրենն ասաց, որ սեղանի մի քանի գիրք ունի, և Չարենցի գրքերը պարբերաբար փոխարինում են մեկը մյուսին: «Կա մի գիրք, որը մշտապես ձեռքիս տակ է, իսկ անցյալ տարվանից ծոցագրպանումս է: Այդ պոեմը կոչվում է «Ռեքվիեմ» կամ «Կոմիտասի հիշատակին»:  Հավերժ կարող  եք այն կարդալ ու շարունակ զմայլվել այդ գործով: Փառահեղ է: Իմ համոզմամբ` այն Կոմիտասի վաստակին, հիշատակին  նվիրված երբևէ ստեղծված անգերազանցելի ստեղծագործությունն է»,-եզրափակեց նա:

Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում։ 

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի ՄիրզոյանըԿարս են գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծացել են չորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին: Այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

1914 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

Հաջորդ տարի հրատարակվում է նրա «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am