Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների լաբորատորիաներ

Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների 
լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որի նպատակն է ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:

«Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Սիսիանի դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Նրանց խոսքով՝ արդի ժամանակներում ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ. հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների: Գյումրիի Տնտեսագիտական վարժարանում լաբորատոր սարքավորումները նույնպես արդեն կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում՝ մեկտեղելով տեսականն ու գործնականը: Վեդիի ավագ դպրոցում ևս լաբորատոր սարքավորումներն օգտագործվում են հետաքրքիր և ուսուցանող լաբորատոր աշխատանք կատարելիս: Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ևս ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորություններն ու օգտագործման պայմանները, ինչպես նաև դրանց ամենօրյա կիրառելիությունը:

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներն իրականացնում են լաբորատոր փորձեր «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից, պատրաստում բիոօճառներ և ջրափոշի՝ հավաքված կենսաբանական հումքից: Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Նման արդիական սարքավորումների առկայությունն ավագ դպրոցներում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը:

Նշենք, որ լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի իրականացրած ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում են թվով 8 ավագ դպրոցներ մայրաքաղաքում և մարզերում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո:

Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում ՀՀ 48 ավագ դպրոցների հատկացվել են «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am