Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օրինագծով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերն ու քարոզը

Օրինագծով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերն ու քարոզը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Նա նախ նկատեց, որ ներկայում Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու կամ քարոզելու համար: Առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության, անձնական ազատության, սեռական անձեռնմխելիության, սեռական ազատության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից: «Ըստ այդմ նախագծով առաջարկում ենք սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են մի շարք հանցագործություններ հերքելու, մեղմացնելու դրանց հավանություն տալու կամ արդարացնելու հատկանիշները: Այսինքն, եթե բացակայում են զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերի, նշված  հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, իշխանության զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի, ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու դրանց հավանություն տալու կամ արդարացնելու հատկանիշները»,-ասաց Գալյանը:

Բռնությունը որպես քրեորեն հետապնդելի արարք դիտավորությամբ անձի կամքին հակառակ կամ առանց նրանց կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարքն է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք:

Փոխնախարարը պարզաբանեց՝ կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ:

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին:

«Խոսքի ազատության իրավունքը երբևէ չի ներառում ատելության խոսքը, և ատելության խոսքը գտնվում է  խոսքի ազատության իրավունքի սահմաններից դուրս: Նախագծով պատասխանատվություն է  սահմանվում ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորման համար՝ բռնության կոչի, բռնություն արդարացնելու և քարոզելու համար»,-վստահեցրեց Գալյանը:

Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]