Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել 
բալեր վաճառելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով: Խնդրում եմ մի անհանգստացեք»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ եթե որև  մեկը փորձի բալեր գնել որևէ մեկից, Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն ունի տեսախցիկներով տեսնել, թե ով է եղել տվյալ տրանսպորտային միջոցի ղեկին: Կարապետյանը տեղեկացրեց, որ կան բացահայտման այլ տարբերակներ ևս, որոնց մասին ճիշտ չհամարեց այս պահին բարձրաձայնել, վստահեցրեց՝ իրենց ստրատեգիան աշխատելու է: «Շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում այդ բալ վաճառելու խնդիրը եղել է, բայց հենց նույն Ֆրանսիայի փորձն ուսումնասիրելով, օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է նրանց հայտնաբերելը»,-եզրափակեց նա:

Հայաստանում 2020-ի հունվարի 1-ից ներդրվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը: Յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ: Համակարգի ներդրումից ի վեր շատ մարդիկ տարբեր հարթակներում փորձում են վաճառել իրենց բալերը: Բալերի վաճառքի թեմայով անգամ հումորներ են հնչում՝ «բալը թանկ է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am