Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու

Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Նրանց թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը՝ նոր վարակի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Այժմ կատարվում են ռենտգեն հետազոտություններ՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանից ավտոբուսով մեկնող երկու չինացու արդյոք թույլ տվե՞լ են հատել Վրաստանի սահմանը:

«Վրաստանի սահմանում նմանատիպ խնդիր եղել է: Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե չինացիները, թե մյուսները եռակի ջերմաչափվել են։ Չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում: Տեսնենք, թե ռենտգենի պատկերն ինչ ցույց կտա, բայց այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանք, սակայն, դեռևս կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում, տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք ռենտգենի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է դիտարկել միայն մեկին, որը 37 աստիճան ջերմություն ունի: Թորոսյանը նշեց՝ հիմա գրիպի սեզոն է, և բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ պարզապես շնչառական վարակ։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ անձինք երկար ժամանակ եղել են Վրաստանում, հետո եկել Հայաստան:

Թորոսյանն ընդգծեց՝ հետազոտության արդյունքում միայն կարող են պարզել՝ առկա՞ է արդյոք թոքաբորբ՝ բնորոշ ինֆիլտրատիվներով: Հայաստանում ներկայում չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստ, սակայն անհրաժեշտության դեպքում նմուշներ կուղարկվեն եվրոպական տարածաշրջանի լաբորատորիաներ: Նոր կորոնավիրուսին բնորոշ է կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը:

ԱՀԿ հրապարակված վերջին տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 537 դեպք` 106  մահվան ելքով: Իսկ Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5 997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am