Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. 100 փաստ Նոր Հայաստանի մասին 3. ՈՒՂԻՂ /ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է/

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. 100 փաստ Նոր Հայաստանի մասին 
3. ՈՒՂԻՂ /ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է/

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին, կպատասխանի լրագրողների հարցերին:

1. 2019  թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում:

2. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: 

3. 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

4. ՀՀ կառավարությունը 2020-ի պետական բյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել է սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20%-ով, 2018-ի համեմատ` 18%-ով, 2019-ի համեմատ՝ 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37%-ով, 2018-ի համեմատ` 43%-ով, 2019-ի համեմատ` 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30%-ով,  2018-ի համեմատ` 32%-ով, 2019-ի համեմատ` 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51%-ով, 2018-ի համեմատ՝ 74%-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով և կազմելով 195.4 մլրդ. դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն): Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ դրամ:

5. Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար: 2019թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի վերջի նկատմամբ ավել է 590 մլն դոլարով կամ 26 տոկոսով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ դոլարով կամ 23 տոկոսով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել: Փաշինյանը նշեց՝ սա աննախադեպ ցուցանիշ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:  

6. Հայաստանում 2019 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն: Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդհանուր առմամբ՝ ոլորտում ստեղծվել է ավելի քան 1200 նոր աշխատատեղ: Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից: «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։

7. Հայաստանում 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ: Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին: Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս՝ 2018-ի 46,8 տոկոսի և 2017-ի 46,3 տոկոսի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18 տոկոս՝ 2018-ի 20,1 տոկոսի և 2017-ի 19,9 տոկոսի փոխարեն: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ