Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

Ադրբեջանն՝ առանց միֆերի. ներկայացվեց «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագիրքը

Ադրբեջանն՝ առանց միֆերի. ներկայացվեց «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագիրքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ադրբեջանագետներն Ադրբեջանի պատմության, քաղաքականության, հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների մասին միֆազերծ ու օբյեկտիվ տեղեկատվությունն ամփոփել են «Ժամանակակից Ադրբեջան» հայալեզու տեղեկագրքում: Հակառակորդի մասին օբյեկտիվ տեղեկատվության տիրապետելը վերջինիս նկատմամբ ճիշտ քաղաքականության մշակման կարևոր նախապայմաններից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանագետներ Վարուժան Գեղամյանը և Էդգար Էլբակյանը հունվարի 24-ին հանրությանը ներկայացրեցին իրենց տեղեկագիրքը:

«Տեղեկագրքում ներկայացված է համապարփակ տեղեկություն Ադրբեջանի մասին՝ պատմություն, քաղաքականություն, պետաիշխանական համակարգ, տնտեսություն, հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառները: Մեր խնդիրն էր մատուցել միֆազերծ և օբյեկտիվ տեղեկատվապաշար Ադրբեջանի մասին՝ հետևյալ մոտավոր տեսլականով, որ, պայմանական ասած, Ադրբեջանի մասին առաջին անգամ լսող մարդը կարդա և բավականին սոլիդ, կուռ պատկերացում կազմի այդ երկրի մասին»,-ասաց Էլբակյանը:

Նրա կարծիքով՝ երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելու համար պետք է ճիշտ ճանաչել այն: Էլբակյանը նկատեց՝ եթե չլինի օբյեկտիվ պատկերացում, ապա կարող ենք սխալ քաղաքականություն վարել դրա հանդեպ: Նա շեշտեց՝ այդ սխալն Ադրբեջանը, ի դեպ, անում է: Վերջերս Հայաստանից, Արցախից դեպի Ադրբեջան այց կատարած լրագրողների թվում էր նաև Էդգար Էլբակյանը:

«Այդ այցը բերել է այն համոզման, որ այն միֆադարանը, որ նրանք ունեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով, գոյություն ունի ոչ միայն քարոզչական տեքստերով միջին վիճակագրական ադրբեջանցիների ուղեղներում, այլ հաճախ պետական, գիտավերլուծական, ամենաբարձր շրջանակների ներկայացուցիչների մոտ: Այդպիսի իրավիճակում նրանք չեն կարողանա մեր նկատմամբ իրենց քաղաքականությունը, ռազմավարությունը մշակելիս չսխալվել: Մեր հետազոտական թիմի համոզմամբ՝ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլի ավանտյուրան հենց այդպիսի թերահաշվարկի արդյունք էր»,-նշեց նա:

Տեղեկագրքում Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձ կա պատմության հատվածում, դա Ադրբեջանի պատմության անկյունադարձային կողմերից մեկն է: Եվ գրքում հենց այդպես էլ ներկայացված է, որ Ղարաբաղյան հակամարտությունը, նավթարդյունաբերության բումը և միջկլանային պայքարը այն հիմնական դետերմինատներն են, որ պայմանավորում են հետանկախական Ադրբեջանի արտաքին և նույնիսկ ներքին վարքը: Վարուժան Գեղամյանը նշեց՝ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները հայտնի են, դրանք թշնամական են, հետևաբար մեզ համար էլ ավելի առաջնային նշանակություն ունի Ադրբեջանի ուսումնասիրությունը:

«Այս ձեռնարկը փորձ է՝ պատրաստել մի համապարփակ տեղեկագիր, որով դիվանագետները, քաղաքագետները և այլք, որոնք իրենց գործունեության ընթացքում այս կամ այն կերպ առնչվում են հայ-ադրբեջանական հակամարտությանը, հնարավորություն ունենան հայկական համապարփակ աղբյուրից ստանալ անհրաժեշտ տեղեկությունը: Փորձել ենք ներկայացնել այն հարցերը, որոնք Հայաստանի, հայության տեսանկյունից կարևորություն են ներկայացնում»,-ասաց նա:

Հեղինակները նշում են՝ փորձել են ստեղծել մի տեղեկագիր, որը հնարավորություն կտա որոշում կայացնողներին, թեմայով զբաղվողներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունից, քարոզչությունից: Գիրքը նաև փոքրիկ ներդրում է՝ հակառակորդին լավ ճանաչելու գործում: Այժմ նրանք աշխատում են գրել Ադրբեջանի քաղաքական պատմություն բուհական դասագիրք՝ հայերենով: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, գրքի գիտական խմբագիր Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ սա հենդբուք է, այսպես ասած ձեռքի գիրք, որում Ադրբեջանի հետ կապված տարբեր իրողությունների մասին կարելի է գտնել սեղմ, բայց խորքային տեղեկություն: «Ժանամակից Ադրբեջան» տեղեկագիրքը կազմվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ