Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Փետրվար

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի անմեղ զորքերի հիշատակին

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի անմեղ զորքերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստի հիշողության շաբաթի շրջանակում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հրեա անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել մի շարք բարձրաստիճան այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հոլոքոստի հիշողության շաբաթի շրջանակում կայացավ Հայաստանի հրեական համայնքի հավաքը: Հոլոքոստի հիշողության շաբաթը, որն անց է կացվելու հունվարի 24-31-ը, նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին:

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է:

«Գրեթե 3 ամիս նրանք գոյատևել են «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում: Մենք այս օրը հավաքվում ենք այս հուշարձանի մոտ ու ևս մեկ անգամ փաստում, որ այդ ժամանակ միայնակ չենք եղել: Այսօր մեր կողքին էին ՀՀ նախագահի, վարչապետի ներկայացուցիչները, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավոր խորհրդականը»,- նշեց Վարժապետյանը:

Նա նշեց, որ հուշարձանի մոտ վառվել է 6 մոմ, ինչը խորհրդանշում է 6 մլն զոհերին:

Հայաստանում հրեական համայնքի ղեկավարն ընդգծեց, որ իրենք հպարտանում են Երևանում տեղադրված այդ յուրահատուկ հուշարձանով, որը նվիրված է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայաստանում մեր համայնքն այնքան էլ մեծ չէ՝ մոտ 300-400 ընտանիք, սակայն մենք բավականին ակտիվ ենք: Մենք հպարտանում ենք, որ մեզ համար այսքան դժվար օրը, որը նաև ուրախալի է, քանի որ հենց այս օրն է Սովետական բանակը «Օսվենցիմի» մեր կալանավորներին ազատագրել, հայերը նշում են մեզ հետ և մեր կողքին են»,- շեշտեց Վարժապետյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Օրը հատուկ է ընտրված` այն ֆաշիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկի` Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ) ազատագրման օրն է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ