Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանի լարված ներքաղաքական տարին. 2019-ի ամփոփում

Վրաստանի լարված ներքաղաքական տարին. 2019-ի ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարին ծանր էր Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության համար: Ընդդիմությունը պարբերաբար կոշտ քննադատության էր ենթարկում կառավարությանը՝ մեղադրելով ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ գործադրելու և կազմակերպված ապատեղեկատվություն տարածելու մեջ: Վերջինն, ի դեպ, առարկայական դարձավ դեկտեմբերի 20-ին, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հայտարարեց կայքի վրաստանյան տիրույթում ապատեղեկատվություն տարածող 419 օգտահաշիվների, էջերի և խմբերի արգելափակման մասին: Քննադատները չշրջանցեցին նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին. նրա հասցեին հնչեցին ռուսամետ քաղաքականություն վարելու մասին մեղադրանքներ:

Ընդդիմության փորձերը, թերևս, ազդեցություն չէին ունենա, եթե իշխող կուսակցության ներսում չլինեին տարաձայնություններ, որոնց արդյունքում «Վրացական երազանք»-ի շարքերը խորհրդարանում աստիճանաբար նոսրացան: Դեռևս փետրվարին իշխող խմբակցությունը լքեցին 4 պատգամավորներ: Նրանք համաձայնության չէին եկել քաղաքային, շրջանային և վերաքննիչ դատարաններում դատավորների անժամկետ նշանակման գործընթացի վերաբերյալ՝ դիրքորոշումների տարբերության պատճառով: Այդպիսով, «Վրացական երազանք»-ը զրկվեց խորհրդարանում տեղերի ¾-ից և սահմանադրական օրենքներում փոփոխությունները միանձնյա իրականացնելու հնարավորությունից:

Ներքաղաքական հակամարտությունն իր գագաթնակետին հասավ ամռանը՝ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանի ընթացքում: Այն պետք է նախագահեր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, սակայն նրա՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և ռուսերեն ելույթից հետո, ընդդիմությունը վիճաբանություն սկսեց խորհրդարանի դահլիճում, ապա, քաղաքացիներին հրավիրեց «արժանապատվության ցույցի»:

Խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները պահանջում էին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը և խոստանում՝ մինչև օրվա վերջ պահանջները չկատարելու դեպքում մտնել խորհրդարանի շենք: Պահանջները չկատարվեցին և ցուցարարները փորձեցին ներխուժել օրենսդիր մարմնի շենք, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը: Բախումների արդյունքում բերման ենթարկվեցին շուրջ 300, վիրավորվեցին՝ 240 քաղաքացի: Հաջորդող օրերին տեղի ունեցած ցույցերը քանակով գերազանցում էին առաջին օրվա հանրահավաքը, սակայն լուրջ բախումներ տեղի չունեցան: Հատկանշական է, որ ցույցերին միացած ուսանողությունը վճռականորեն ապաքաղաքականացրեց դրանք՝ հարթակից դուրս մղելով քաղաքական գործիչներին, որոնք փորձում էին իրավիճակից քաղաքական դիվիդենդներ շահել:

Վրաստանում հակառուսական տրամադրությունների պատրվակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով ավիաընկերություններին արգելվում էր ուղևորափոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան, ինչի պատճառով Վրաստանը մինչ օրս կորցրել է մոտ 300 միլիոն դոլար:

Երկու ամսից ավելի տևած բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվածներն ազատ արձակվեցին, իսկ Բիձինա Իվանիշվիլին խոստացավ փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ՝ հրաժարվել խառը ընտրական համակարգից և անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգի: Սեպտեմբերի 2-ին հրաժարական տվեց վարչապետ Մամուկա Բախտաձեն, ում փոխարինեց ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Ամառվա բողոքի ցույցերի պատճառով զգալի վնաս կրեց ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարը:

Նոյեմբերին բողոքի ակցիաները վերսկսեցին: Պատճառը ընտրական համակարգի խոստացած փոփոխությունների տապալումն էր. իշխող կուսակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված մոտ 40 պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը կամ դեմ քվեարկեցին օրինագծին՝ չապահովելով սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ կողմ ձայների ¾-ը: Ի տարբերություն ամառվա ցույցերի՝ այս անգամ չհաջողվեց խուսափել դրանց քաղաքականացումից. ամառվա ակցիաներից հայտնի «Ամոթ» և «Փոխիր» երիտասարդական կազմակերպությունների հետ մեկտեղ ցույցերին էին մասնակցում ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ:

Ընտրական համակարգի շուրջ իշխանությունների և ընդդիմության բանակցություններն ընթանում են արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ: Դեկտեմբերի 15-ին կայացավ բանակցությունների երրորդ փուլը, որի արդյունքներով կողմերին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ և նրանք որոշեցին շարունակել բանակցություններն արդեն այս տարի:

Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է Վրաստանի թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը: Ընդդիմությունն ընտրություններից մեկ տարի առաջ փորձում է հստակեցնել օրակարգը և, համախմբվելով Իվանիշվիլիի դեմ, միացյալ ճակատի հայտ ներկայացնել: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը:

«Վրացական երազանք»-ը ևս մտավախություններ ունի առաջիկա ընտրությունների վերաբերյալ. տարաձայնություններ կան նաև խորհրդարանական խմբակցության ներսում: 115 պատգամավորից խմբակցությունը լքել են 26-ը, որոնց մեծ մասը որոշել է մնալ որպես անկախ պատգամավոր, և այժմ «Վրացական երազանք»-ն ունի 93 մանդատ: Բացի այդ, հասարակությունն, իրոք, որոշակիորեն հոգնել է Իվանիշվիլիից, ինչի մասին է վկայում հասարակության՝ տարբեր առիթներով բարձրացող բողոքի ձայնը:

Մյուս կողմից, սակայն, հասարակության լայն շրջանակներ բացասական վերաբերմունք ունեն ոչ միայն Իվանիշվիլիի և իշխող կուսակցության, այլև, ընդհանրապես, կուսակցությունների և քաղաքականության նկատմամբ: Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված հարցման արդյունքներով՝ ընդդիմությունն ունի հասարակության 41%-ի, իսկ իշխանությունները՝ 23%-ի աջակցությունը: Իհարկե, այս թվերը կփոփոխվեն մինչև հաջորդ տարվա ընտրությունները: Սակայն արդեն այս պահին կարելի է փաստել, որ ընտրողների մեկ երրորդից ավելին չի աջակցում որևէ քաղաքական ուժի: Նախ և առաջ, հենց այդ մեկ երրորդի ձայների համար էլ ծավալվելու է պայքարն իշխանությունների և ընդդիմության միջև առաջիկա ամիսների ընթացքում: Այս առումով հետաքրքրական է, որ ընդդիմության փողոցային պայքարին իշխանությունները հակադրել են սոցիալական որոշակի բարեփոխումներ. 2020թ. պետական բյուջեն ուղղված է կենսաթոշակերի և գրեթե բոլոր պետական ծառայողների և աշխատավարձերի ավելացմանը:

Ստեղծված պայմաններում երրորդ ուժի հայտ է փորձում ներկայացնել գործարար Մամուկա Խազարաձեն, ով ստեղծել է «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը: Այդուհանդերձ, նրան լուրջ վերապահումներով կարելի է միայն համարել երրորդ ուժ, քանի որ այս պահին նա առայժմ համագործակցում է միացյալ ընդդիմության հետ:

Վլադիմիր Մարտիրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am