Գալուստ Սահակյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին

Armenpress 17:19, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հարգելի՛ պատգամավորներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ կգումարի` նախաձեռնողի օրակարգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Նա ներկայացրեց նաև արտահերթ նիստի օրակարգը: Նիստի օրակարգում կլինի երկու հարց՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ոչ իշխանական քառյակը: Արտահերթ նիստի օրակարգի հարցերը վերաբերում են շրջանառության հարկի մասին օրենքում նոր փոփոխություններից դժգոհող առևտրականների խնդիրների լուծմանը: Քաղաքական մեծամասնությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am