Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի  մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի  նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրչդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» 89-րդ սեմինարի ժամանակ՝  կարևորելով Հայաստանի  մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սահակյանը ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարեւորել է երկրի լիարժեք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

«Մենք հետամուտ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ և  արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ Ազգային Ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը: Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում: Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին»,- ասել է նա:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահը հիշեցրել է, որ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 35 հոգուց կազմված ստորաբաժանումը շարունակում է իր մասնակցությունը Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությանը՝ ԱՄՆ հրամանատարության ներքո, որին վերսկսել է մասնակցել 2012 թվականի հուլիսի 6-ից: «2015 թվականի հունվարից Հայաստանի զինված ուժերի 121 հոգուց բաղկացած զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում՝ գերմանական հրամանատարության ներքո իրականացնելով Քաբուլի «Քասաբա» զինավանի եւ Մազարի Շարիֆի «Մարմել» ռազմաբազայի անվտանգության պաշտպանությունը»,- ասել է նա:

Գալուստ Սահակյանը նկատել է, որ ՀՀ Ազգային Ժողովի համագործակցությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել 2002 թվականի մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ի այն ժամանակվա նախագահը եւ ՀՀ Ազգային Ժողովին առաջարկել դառնալ վեհաժողովի դիտորդ: «Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Մեր պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում ոչ միայն Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, այլեւ «Ռոուզ-Ռոթ» սեմինարներին ու կազմակերպության կողմից անցկացվող այլ միջոցառումներին: «Ռոուզ-Ռոթ» սեմինարներ Երեւանում անցկացվել են երկու անգամ՝ 2005 եւ 2010 թվականներին: «Ռոուզ-Ռոթ» նախաձեռնության գլխավոր նպատակը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրներում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումն է: Այսօրվա երեւանյան սեմինարի թեման նվիրված է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանում տեւական խաղաղությանը նպաստելուն՝ թեմաներ, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունն ու հրատապությունը»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:  «Մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովներն ենք եւ խորապես համոզված ենք, որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք թուրքական կողմի առաջադրած նախապայմանների պատճառով չեն վավերացվել»,- ասել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am