Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է նրանց ղեկավարության հայատյացության քարոզները

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է նրանց 
ղեկավարության հայատյացության քարոզները

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ադրբեջանական պատվիրակությանը հիշեցրել է Ադրբեջանի ղեկավարության հայատյացության քարոզների հասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զոհրաբյանն ասաց ապրիլի 11-ին Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում:

«Երեկ շատ կարևոր զեկույց էր այստեղ քննարկվում` քաղաքական գործիչների խոսքում անհանդուրժողականության, ատելության, քսենոֆոբիայի տարրերը: Չգիտես ինչու, նման ելույթների ժամանակ շատ տարօրինակ կերպով ակտիվանում են ադրբեջանցի պատգամավորները, և սկսում են հայերին մեղադրել ռասիստական հայտարարություններ անելու մեջ: Ես ուղղակի հերթական անգամ ստիպված էի հիշեցնել Ադրբեջանի օմբուդսմեն Սուլեյմանովայի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: Ստիպված էի ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանի նախագահի խոսքը` մեր թշնամին ոչ միայն Արցախի հայությունն է, այլ համայն հայությունը: Ես ստիպված էի հիշեցնել նրանց մի դիվանագետի կոչը` ԴՆԹ-ի անալիզի ենթարկել Ադրբեջանի բոլոր դիվանագետներին, որպեսզի, եթե հանկարծ նրանց մեջ հայի կամ այլազգիի արյուն լինի, նրանք չեն կարողանա անշահախնդրորեն ծառայել Ադրբեջանին: Ես այս ամբիոնից 10 տարի բարձրացնում և ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են: Եվ այս կառույցում քար լռություն է, և պատահական չէր, որ երեկ ես հայտարարեցի, որ մենք ընդունեցինք հերթական մեռելածին բանաձևը»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը կարևոր շեշտադրում է կատարել Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման և Իլհամ Ալիևի ղեկավարման հետ կապված:   

«Շատ կարևոր մի շեշտադրում արեց Լեյլա Յունուսը, երբ դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը: Նա ասաց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում, և քանի դեռ Ադրբեջանում դիկտատոր Ալիևն է, Ադրբեջանում խաղաղություն չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am