Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ

Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդների ամենասիրելի և սպասված  Սուրբ Սարգսի տոնին, որը կնշվի փետրվարի 16-ին, երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամը 09:30-ին Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի, Ս.Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս.Խորանի վրա:

Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: Ժամը 10:00-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս.Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս.Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս.Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:

Ժամը 11:00-ին՝ տոնական Ս.Պատարագ կանցկացվի նվիրված Ս.Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում Ս.Պատարագը կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ժամը 14:30-ին՝ Խաչերթ կիրականացվի: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին:

Ժամը 15:00-ին՝ Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ս.Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ ցուցահանդես-մրցույթը, որի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:

Ժամը 15:30-ին՝ Սիրահարների պուրակում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Ս.Սարգսի տոնին: Համերգին ելույթ են ունենալու Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ՝ Ս.Սարգսի մասունքակիր աջով ու 17-րդ դարի Ավետարանով: Այս տարի չորրոդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած ժամկետային 20 զինվորների, ովքեր դեռևս ծառայության մեջ են: Նրանց տվյալները տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երեք՝ Ս.Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը: Տոնի առթիվ Ս.Պատարագ կմատուցվի թեմի՝ Ս.Սարգիս եկեղեցիներում՝ Առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի: Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ Ս.Պատարագ կմատուցվի նաև Գետազատի Ս.Սարգիս խոնարհված եկեղեցում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի`Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am