Հասարակական

Բարձրագույն դատական խորհուրդը քայեր է ձեռնարկում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու համար

7 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհուրդը քայեր է ձեռնարկում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը քայեր է ձեռնարկում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից՝ հավելելով. «ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Վճռա­բեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդ­հանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առա­ջար­կությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով»:

«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենս­գիրք) 33-րդ հոդվածի համա­ձայն, ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ապահովում է Վճռաբեկ դա­տարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում եւ կատարում է կազմակերպչական բնույ­թի մի շարք այլ գործառույթներ:

Էական է այն հանգամանքը, որ օրենսդրորեն Վճռաբեկ դատարանի նախագահն առաջին հերթին պալատի դատավոր է, ով իրականացնում է նաեւ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջադրելու կարգը: Միաժամանակ՝ ի կատա­րումն ՀՀ Սահ­մանադրու­թյան 215-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի (համաձայն որի բոլոր դատարանների նախագահների նշա­նա­կումը կամ ընտրությունը պետք է իրակա­նացվի Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում), Օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-32-րդ մասերով սահմանվել են ներկա փուլում նման նշանակումների առանձնահատկությունները: Մասնավո­րա­պես, Բարձրագույն դա­տա­կան խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվա­նից եռամսյա ժամկե­տում՝ իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապա­տասխան դատարանների դատավորների ցուցակները եւ իրա­կանացնում է առա­ջադրման գործընթացը:

Հետեւությունն այն է, որ.

  1. Բոլոր դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչեւ 2018թ. օգոստոսի 5-ը:
  2. Նախագահների առաջադրումը պետք է կատարվի միայն տվյալ դատարանի առկա կազմից:
  3. Դատարանի նախագահն առաջին հերթին դատավոր է, ով արդարադատություն իրականացնելու հետ մեկտեղ իրականացնում է նաեւ լրացուցիչ այլ գործա­ռույթ­ներ:

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղում դատավոր նշանակելու իրավակարգավո­րումները սահմանված են Օրենսգրքի 132 եւ 133-րդ հոդվա­ծներով, համաձայն որոնց.

  1. Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Օրենսգրքով սահմանված կարգով 3 թեկնածուի ընտրում է Բարձրագույն դա­տական խորհուրդը եւ ներկայացնում է Ազգային ժողովին:
  2. Թեկնածու դատավորները պետք է ունենան թափուր տեղին համարժեք մասնագիտացում (քաղաքացիական եւ վարչական կամ քրեական)՝ նկատի ունենալով նաեւ, որ Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատա­րա­նում գործում են քրեական պալատը՝ 6 դատավորի կազ­մով ու քաղաքա­ցիական եւ վարչական պալատը՝ 11 դատավորի կազմով: Ներկա դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:
  3. Թեկնածուների ընտրության գործընթացն սկսվում է թափուր տեղ առաջա­նալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողով ներկայացնելը՝ մեկամսյա ժամկետում:

Ներկայացված իրավակարգավորումները հաշվի առնելով՝ Բարձրագույն դա­տա­կան խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը եւ Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:

2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերո­նշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խոր­հուրդը կազմակերպեց նաեւ Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Ասատրյան Համլետ - 2

Անտոնյան Սուրեն - 1

Ավանեսյան Վարդան - 0

Ավետիսյան Սերժիկ - 2

Բարսեղյան Արտակ- 0

Դանիելյան Ելիզավետա - 0

Դրմեյան Մամիկոն - 0

Թադևոսյան Լիլիթ - 0

Խունդկարյան Երվանդ - 2

Հակոբյան Գոռ - 2

Միքայելյան Ստեփան - 1

Պետրոսյան Տիգրան - 0

Պողոսյան Արթուր - 0

Տավարացյան Նախշուն - 0

Օհանյան Սամվել - 0

Դատական օրենսգիրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառ­մամբ, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացավ 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։

Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ հոդվածի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բարձրագույն դատական խորհրդի նույն օրվա նիստում նախատեսվեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահ­մանված կարգով դատա­վորների թեկնածուների առկա ցուցակների հիման վրա (Օրենս­գրքի 166-րդ հոդվածի 13 եւ 14-րդ մասերի հիմքով) տարբեր դա­տա­րան­ներում դատավորների թա­փուր տեղերը լրացնելու նպատակով Խորհրդի անունից ներկա­յացնել առաջարկություններ՝ ՀՀ վարչական դատարանում երկու տեղ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատա­րանում մեկ տեղ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ տեղ՝ քաղաքացիական մասնագի­տաց­մամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում