Պաշտոնական

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին սատարելու հանձնառությունը պահպանվում է. դեսպան Միլս

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին սատարելու հանձնառությունը պահպանվում է. դեսպան Միլս

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գլոբալ անվտանգության արդի մարտահրավերիներին, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու զարգացման ապահովման հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով քննարկման նմանատիպ ձեւաչափը, նշել է, որ այսպիսի հանդիպումները խթանում են խորհրդարանի դերի բարձրացումը՝ միեւնույն ժամանակ նպաստելով գործընկեր երկրների հետ վստահության ամրապնդմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւորությանը՝ Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է. «Գլոբալ աշխարհում մարտահրավերները փոխկապակցված են եւ տարածաշրջանային կայունությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար առաջնային են»: Նա նաեւ ընդգծել է այն հանգամանքը, որ արդի աշխարհակարգը փոխվում է արագ եւ ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ եւ ներառական»:

Իր հերթին դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում սատարել է ժողովրդավարական գործընթացներին եւ հաստատություններին ու նոր ազգային անվտանգության ռազմավարությամբ այս հանձնառությունը պահպանվում է:

Հանդիպման ընթացքում աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում