Մշակույթ

Հաջորդ տարի ՌԴ-ում հայկական եկեղեցիներին վերաբերող ցուցահանդեսներ կանցկացվեն

4 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի ՌԴ-ում հայկական եկեղեցիներին վերաբերող ցուցահանդեսներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում հայկական եկեղեցիների գոյության 300-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ ռուսական քաղաքների հայկական համայնքներում: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թանգարանի` անցնող տարի իրականացրած միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին: «Փետրվարին Սանկտ Պետերբուրգի Կրոնների պատմության թանգարանը մեզ մոտ ներկայացրեց Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերի հին լուսանկարների ցուցահանդեսը, որը մեծ արձագանք ունեցավ: Ներկայումս բանակցում ենք տվյալ թանգարանի հետ հաջորդ տարի հայկական եկեղեցիների վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Անուշ Տեր-Մինասյանը:

Թանգարանում տարվա ընթացքում ներկայացվել է Ջիմ Թորոսյանի 90-ամյակին նվիրված նոստալգիկ ցուցահանդես, որը կրել է «Հիմա կգամ» խորագիրը: Իրականացվել է նաև Հայաստանի երրորդ Հանրապետության ճարտարապետությանը վերաբերող ցուցահանդես, որտեղ պարզ արտահայտվել են ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումներն ու թերացումները:

Այդ ցուցահանդեսից երեք նախագիծ` Նարեկ Սարգսյանի «Կառավարական նոր տունը», Լևոն Վարդանյանի արվեստանոցի աշխատանքներից մեկը և «Ստորակետ» արվեստանոցի գործերը, ներկայացվել են «Զոդչեստվո» հեղինակավոր մրցույթ փառատոնին: Նարեկ Սարգսյանի «Կառավարական նոր տունը» ստացել է «Տարվա լավագույն արտասահմանյան նախագիծ» պատվավոր մրցանակը:

Տնօրենն ընդգծեց, որ այս տարի է իրականացվել նաև երկու տարին մեկ անգամ անցկացվող «Երևանյան բիենալե» ցուցահանդեսը: Այն հնարավորություն է տալիս ճարտարապետներին ծանոթանալ միմյանց աշխատանքներին:

Հաջորդ տարի թանգարան-ինստիտուտը նախատեսում է Հյուսիսային պողոտային վերաբերող նախագիծ իրականացնել: «Պողոտայի շուրջ միշտ բուռն քննարկումներ են եղել, սակայն ոչ բավարար տեղեկություններ տարածքի և կառույցների մասին: Մեր նպատակը` հանրությանը ավելի մանրամասն տեղեկություն հաղորդելն ու իրողությանը ծանոթացնելն է: Ցուցահանդեսը կոչվելու է «Հյուսիսային պողոտան երեկ, այսօր, վաղը»,- ընդգծեց Անուշ Տեր-Մինասյանը:

2016 թվականին Հայաստան են այցելել բազմաթիվ ճարտարապետներ, օրինակ` թղթի ճարտարապետության հիմնադիրներից մեկը`Ալեքսանդր Բրոդսկին, որի վարպետության դասին բազմաթիվ մարդիկ են ներկա եղել:

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի առաջին կուրսում արված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը նույնպես բացվել է Թամանյանի թանգարան-ինստիտուտում: Քաղաքաշինության կոմիտեն պատրաստվում է քառօրյա պատերազմում զոհված ճարտարապետ տղաների աշխատանքների գրքույկ հրատարակել:

Տնօրենը շեշտեց, որ իրականացվող ցուցահանդեսները բազմաթիվ են, սակայն թանգարան-ինստիտուտին անհրաժեշտ է մշտական ցուցադրություն, որի համար բավարար սրահներ չկան: «Եթե լինի մշտական ցուցադրություն կարծում եմ` տուրիստական գործակալությունները օտարերկրացիներին առաջին հերթին կբերեն մեզ մոտ: Ցանկալի է Անիի ճարտարապետությանը նվիրված առանձին սրահ ունենալ»,-նշեց նա:

Տնօրենը հույս հայտնեց, որ թանգարանային նոր շենք ունենալու դեպքում այն կդառնա Երևանի կարևորագույն և հաճախ այցելվող վայրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում