Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

 ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և մեծապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: «Դուք մի երկրում եք, որտեղ Բելգիան ընկալվում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր, որի հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, փոխադարձ վստահության, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի վրա: 

Տիկի՛ն Դըֆրեյն, մեզ համար կրկնակի հաճույք է Ձեզ ողջունել Հայաստանում, որովհետև Դուք մի գործիչ եք, ով մշտապես ականջալուր է մեր ժողովրդի խնդիրներին: Դուք հոգատար վերաբերմունք ունեք Հայաստանին և հայերին հուզող հարցերի նկատմամբ, երկար տարիներ ջանք ու եռանդ չեք խնայել, որպեսզի հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդվեն: Դուք մշտապես ցանկալի և սպասված հյուր եք Հայաստանում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշելով, որ համակարծիք է հայ-բելգիական հարաբերություններին Նախագահ Սարգսյանի տված գնահատականի հետ: «Խոսելով մեր նույնանման արժեհամակարգի ապացույցներից մեկի մասին՝ պետք է ասեմ, որ ժամանակին՝ 1998 թվականին, Բելգիայի Սենատը եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ուժեղ մի բանաձև, որին 2015թ. հետևեց նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը և երկրի վարչապետ Շառլ Միշելի ելույթը, որտեղ որևէ այլակարծության տեղ թողնված չէր: Եվ դա շատ կարևոր է, որովհետև մենք պարտք ունենք փոխանցելու հաջորդ սերնդին»,- ասել է Քրիստին Դըֆրեյնը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-բելգիական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am