Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Արմպրոդէքսպո»-ում ներկայացվեց «Արմենպրես»-ի եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր նախագիծը

«Արմպրոդէքսպո»-ում ներկայացվեց «Արմենպրես»-ի եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էր «Արմենպրես» լրատվական գործակալության եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացրած լուսանկարչական նախագիծը:

18 լուսանկարներ, 18 յուրօրինակ ճակատագրեր: Յուրաքանչյուր լուսանկար պատմում է  հայաստանյան մարզերի տարբեր գյուղերում ապրող բնակիչների, իրենց առօրյա աշխատանքով ապրող ու նվիրված գյուղացիների մասին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նախագծի շրջանակում հրատարակվել է լուսանկարների կատալոգ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ լուսանկարներին, ինչպես նաեւ հերոսների համառոտ պատմություններին: Կատալոգում նաեւ ներառված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գործադիր  տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքը, որում մասնավորապես ասված է.

«Մեր հիմնական նպատակն ու ցանկությունն այն է, որ մեր գործընկեր-հաճախորդներն ավելի շատ հաջողություններ ունենան: Մենք հպարտանում ենք մեր գործընկերների անգամ ամենափոքր ձեռքբերումներով, մնում ենք նրանց կողքին բոլոր փորձությունների ժամանակ, եւ դա է պատճառը, որ գյուղացին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը համարում է իրենը»:

Իսկ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ շեշտել է, որ լուսանկարների ներկայացվող շարքում մարդիկ են, ովքեր կարող էին երբեք չհայտնվել լրատվական գործակալությունների ժապավեններում, մարդիկ, ովքեր հաճախ իրենք էլ չեն հասցնում հետեւել օրվա լուրերին, սակայն այդ հանգամանքը բնավ չի նվազեցնում այն հսկայական ներդրումը, որ նրանք ու նրանց նման հազարավորները բերում են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով: «Իհարկե, թվում է՝ լրատվության տեմպի արագացումը ավելի քիչ հնարավորություններ է թողնում թեմային համակողմանի անդրադառնալու համար. այս առումով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ իրականացված ծրագիրը սպասված ու կարեւոր է: Այն ուշադրություն է բեւեռում անկախության հերոսներից մեկի՝ հայ գյուղացու վրա»:

Լուսանկարների հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն է, ով, շրջելով մարզից մարզ, եւս մեկ անգամ համոզվել է, թե ինչ յուրահատուկ է Հայաստանը:

«Այնպիսի վայրերում եմ եղել, որտեղ ամեն օր չես լինում, չես կարողանում տեսնել այդ չքնաղ տեսարանները, իսկ հերոսներից ամեն մեկը յուրովի հետաքրքիր է իր ճակատագրով, իր դերով»,-մեզ հետ զրույցում ասաց լուսանկարիչը:

Լուսանկարիչը մեծ ոգեւորությամբ էր խոսում նախագծի հերոսների մասին: Պատմեց Լոռու մարզի Միխայլովկա գյուղից երկու եղբայրներ՝ Արամի եւ Արմենի մասին, ովքեր իրենց նպատակասլացության եւ աշխատասիրության շնորհիվ կարողացել են անտառում հավաքված մանուշակներ վաճառելուց հասնել մինչեւ վարդի ջերմոց հիմնելը:

Եղբայրները  մանուշակ էին հավաքում եւ տոն օրերին գնում Երեւանում վաճառում մի կերպ ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար, հետո որոշում են թրաշուշանի սերմեր հավաքել: 2009 թվականին ռիսկային թվացող այդ գործը հաջողությամբ է պսակվում, սերմերն իրացվում են, իսկ արդեն 2013 թվականին համագյուղացու հետ բացում են առաջին ջերմոցը: Որոշ ժամանակ անց սակայն կրկին վաճառում են մասնաբաժինը եւ վաստակած գումարը ներդնում վարդերի աճեցման նոր գործում, որի իրականացման հարցում իր աջակցությունն է ցուցաբերում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն:

Ջերմոցային տնտեսությունից ստացված եկամուտներն այսօր բավականացնում են  եղբայրներին հոգալ ընտանեկան ծախսերը: Նրանք մտադիր են եւս մեկ ջերմոց կառուցել:

Մխիթար Խաչատրյանն նշեց, որ նման աշխատանքն ունի իր նրբություններն ու դժվարությունները, եւ պետք է կարողանալ լուսանկարների միջոցով ճշգրտորեն ներկայացնել մարդկանց եւ միջավայրը:

«Ամեն անգամ հանդիպում եմ ուրիշ տեսակի մարդու: Հենց այդ տեսակն է պետք դարձնել լուսանկար: Պետք է կարողանալ համատեղել եւ ցույց տալ թե՛ այդ մարդու տնտեսությունն ու աշխատանքը, եւ՛ թե նրա մարդ տեսակը» ,-եզրափակեց Մխիթար Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am