Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվում է Սփյուռքում բոլորի կողմից ընդունելի դասագրքեր ունենալու հարցը

Քննարկվում է Սփյուռքում բոլորի կողմից ընդունելի դասագրքեր ունենալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի հայկական դպրոցներին ընթացիկ տարում տրամադրվել է 80 հազար կտոր գրականություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով, նախարարության ուշադրության կենտրոնում են ինչպես կիրակնօրյա, ամենօրյա դպրոցները, այնպես էլ երգի, պարի մշակութային դասեր իրականացնող կազմակերպությունները:

«Այսօր կարող ենք ասել, որ բավարարել ենք դպրոցների մեծ մասի պահանջը: Դեռ 217 դպրոց սպասում է գրքերին: Այդ դպրոցներին գրականություն առաքել ենք, սակայն փոստային որոշ հարցերի հետ կապված փոքր-ինչ ուշացել են: Ուսումնական հաստատություններին տրամադրվել են դպրոցական դասագրքեր, ուղեցույցներ, մեթոդական ձեռնարկներ: Արևմտահայ լեզվի ուսուցում իրականացնող կրթական հաստատություններին ուղարկել ենք արևմտահայերենի դասագրքեր: Դրանից բացի, Սփյուռքի գրադարանները հարստացնում ենք հայ դասականների, եվրոպական գրականության հայերեն թարգմանված գրքերի նմուշներով»,-ասաց Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքի նախարարի տեղակալի խոսքով, դասագրքերի բովանդակության հետ կապված որոշ անհամաձայնություններ կան: Դա, ըստ նրա, հասկանալի է, որովհետև դասական Սփյուռքի դպրոցներում անցել են այլ դասագրքերով` չունենալով դասագրքերի հետ կապված մեկ համակարգված պետական ծրագիր:

«Դպրոցից դպրոց դասագրքերի, դասավանդման մոտեցումների տարբերություն է եղել: Այժմ մենք մտադիր ենք սկսել քննարկումներ` Սփյուռքում բոլորի կողմից ընդունելի դասագրքեր ունենալու հարցի շուրջ: Արդեն հավաքվել են բազմաթիվ կարծիքներ, համագործակցում ենք Կրթության ազգային ինստիտուտի հետ, վերջնական տարբերակները կդրվեն փորձաքննության, եթե ընդունվի, Սփյուռքում դասավանդում կիրականացվի միասնական դասագրքերով»,-հավելեց Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքում գործում է մոտ 2 հազար կիրակնօրյա, 100-ից ավելի հանրակրթական դպրոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am