Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տոնել են Հայաստանի անկախության 25 ամյակը
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Հայկական պուրակին կից Դոմինիկյանների եկեղեցու դահլիճում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իր ելույթում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ` անդրադառնալով տոնի խորհրդին և նշանակությանը, ինչպես նաև ներկայացնելով անկախության շրջանում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները:
Միջոցառմանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան նաև Վրոցլավի քաղաքապետարանի արտասահմանյան համագործակցության աջակցության կոմիտեի փոխնախագահ Սեբաստիան Լորեցը, Դոմինիկյանների եկեղեցու Հայր Մարեկ Միլավիցկին, Վրոցլավում գործող Լեհահայերի միության նախագահ Ադամ Դամանաշևիչը և այլ բարձրաստիճան հյուրեր: Միջոցառմանը ներկա էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Վրոցլավի և հարակից բնակավայրերի հայ համայնքի անդամներ:
Երեկոյի պաշտոնական մասին հաջորդեց հայկական դասական երաժշտության համերգ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում