Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մի քանի օրից կներկայացվի Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի`Սենատի քննարկմանը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը:

«Մեր քաղաքական ուժը կողմ է քվեարկելու: Ինչպես գիտեք, նախորդ քվեարկությունից հետո ստեղծվեց Հատուկ հանձնաժողով, որը փոփոխություններ և լրացումներ մտցրեց այդ նախագծում: Կարող եմ ասել, որ նրանք ովքեր նախագծի հետ կապված ներկայացնում են հակառակ տեսակետը, ավելի շատ խոսում են իրավունքի տեսանկյունից, ոչ թե քաղաքականության: Դրանք, ըստ էության, նույն մեկնաբանություններ են, որոնք ներկայացվել էին 2002-ին»,-ասաց սենատորը:

Նա հիշեցրեց, որ նախագահ Օլանդը Հայաստան այցելության ընթացքում խոստացել է, որ այդ օրենքն ընդունվելու է: Նա հույս հայտնեց, որ նախագծի վերաբերյալ հակառակ տեսակետներ հայտնող սենատորների հետ կգան ընդհանուր հայտարարի:

«Ես` որպես խորհրդարանական, կարող եմ հավաստիացնել, որ կողմ եմ քվեարկելու: Մենք երկարատև բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, տարիներ շարունակ աշխատել ենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, և չեմ կարող պատկերացնել, որ այդ նույն ուղուց կշեղվենք»,-ասաց նա:

Խոսելով թուրք-ադրբեջանական լոբբիի աշխատանքից` Լյուկ Քարվունասը նշեց, որ այն ակտիվ աշխատում է, սակայն դա ամենևին չի խոչընդոտում խորհրդարանականների աշխատանքներին: «Մեր դերն այն է, որ կարողանանք նրանց հասկացնել, որ ճիշտ ուղի չեն ընտրել»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում