Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանն անշրջելի է համարում անցած 25 տարիների հաջողությունները

3 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանն անշրջելի է համարում անցած 25 տարիների հաջողությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անշրջելի է համարում անցած 25 տարիների հաջողություններ, և երկիրը ճիշտ ուղով է շարժվել: Նախագահ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, նշեց, որ առաջ շարժվելու հայ ժողովրդի բանաձևը շատ պարզ է` աշխատանք, աշխատանք և աշխատանք:

«Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել են ազատությունը դեռ Հայկ նահապետի ժամանակ, մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել: Այսօր` 21-րդ դարում, զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ, վկան այս զորահանդեսն է: Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ, բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը, վկան այս զորահանդեսդն է: Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից, մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն: Անցած 25 տարիների ընթացքում մենք արձանագրել ենք անշրջելի հաջողություններ, երբեմն սխալվել ենք, երբեմն ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց մեծ հաշվով ճիշտ ուղով ենք շարժվել: Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով, իսկ առաջ շարժվելու մեր բանաձևը շատ պարզ է` աշխատանք, աշխատանք և աշխատանք:Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մեր աշխատանքով և պաշտպանենք մեր ուժերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց ՀՀ Նախագահը:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում