Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի և ՀԿԵ ներկայացուցիչները ծանոթացել են երկաթուղուն կից գտնվող տարածքների վիճակին

Երևանի քաղաքապետարանի և ՀԿԵ ներկայացուցիչները ծանոթացել են երկաթուղուն կից 
գտնվող տարածքների վիճակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկաովկասյան երկաթուղի» ՓԲԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները համատեղ ստուգայց են կատարել Երևանի երկաթուղու կայարանից մինչև Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» կառամատույց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնից, տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, մայրաքաղաքի թաղապետարանի ներկայացուցիչները ծանոթացել են երկաթուղուն կից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին և ՀԿԵ-ի խնդիրներին, որոնք առաջանում են հարակից տների բնակիչների կողմից տարրական սանիտարական նորմեր խախտելու պատճառով:

Ինչպես նշել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Ընկերությունը պահպանում է բոլոր տեխնիկական և սանիտարական նորմերը երկաթուղու տարածքում, ինչը չի կարելի ասել երկաթուղուն կից գտնվող քաղաքային տարածությունների մասին:

Վալկոն նշել է, որ ՀԿԵ-ի աշխատակիցները քաղաքապետարանի իրավասու ծառայությունների հետ միասին բազմիցս մաքրել են երկաթուղային գծերի հարակից տարածքները, սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին պատվում են աղբով:

ՀԿԵ-ի ղեկավարը ստուգայցի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ որոշ շրջանների բնակիչները կենցաղային և նույնիսկ  շինարարական աղբը հանում են իրենց տնային տնտեսությունների սահմաններից և թափում գծերի մոտ: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ բնակիչները այգիներ են տնկում երկաթուղու անվտանգության գոտում:

«Դա վտանգ է ներկայացնում գնացքների երթևեկությանը: Մեքենավարն արդեն չի կարող օպերատիվ արձագանքել հնարավոր վտանգի դեպքում: Իսկ գնացքների քաշն այս հատվածում հասնում է 2 500 տոննայի»,- ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Ստուգողները հատուկ քննարկել են բնակելի տների մոտակայքում գտնվող գծանցների հարցը: Ինչպես նշել է երկաթուղու ղեկավարը, նման գծանցների մեծ մասն անօրինական է: Որպես հարցի լուծում ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը տարածքային մարմիններին առաջարկել է որոշել քաղաքի համար անհրաժեշտ գծանցները, որոնք պիտի կահավորված լինեն համապատասխան նշաններով:

Սերգեյ Վալկոն ստուգայցի մասնակիցների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և հիմնական լուծումները: Քաղաքապետարանի և թաղապետարանների, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վերացնել անօրինական աղբանոցները և համատեղ մշակել գործողությունների ծրագիր: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակությունն այս հարցում և պարբերաբար համատեղ այցելել առավել խնդրահարույց տարածքներ՝ տեղում ծանոթանալով տիրող վիճակին:

Այս ստուգայցը կազմակերպվել է երթևեկության անվտանգության ապահովման հարցում իշխանության մարմինների հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Նախատեսվում է նաև նմանատիպ ստուգայցեր կազմակերպել մարզերում՝ մարզպետերի և տեղական իշխանությունների մասնակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am