Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էրդողանը Գերմանիային սպառնացել է վատացնել հարաբերությունները Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում

Էրդողանը Գերմանիային սպառնացել է վատացնել հարաբերությունները Ցեղասպանության 
բանաձևի ընդունման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` հայտարարելով, որ Թուրքիան չունի «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» խնդիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք այս հարցում հանգիստ ենք: Գերմանիայում այս պահին բնակվում է ավելի քան 3 միլիոն թուրք, ներկայում մեր հարաբերությունները շատ-շատ բարձր մակարդակի վրա են: Եթե երկիրը նման խաղի մեջ ներքաշվի, ապա դա ապագայում կվնասի մեր երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական ու ռազմական հարաբերությունները: Կարծում եմ, որ այս բոլորը հաշվի կառնվեն»,- սպառնացել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը  նշել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից որոշում ընդունելուց անմիջապես հետո թուրքական կառավարությունը մանրամասնորեն կուսումնասիրի և համապատասխան գնահատական կտա դրան: «Սակայն ուզում եմ իմանաք, որ այդ որոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից մեզ ոչինչ չի պարտադրում»,- ասել է Էրդողանը:

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am