Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի ավիաուղիների պետական երաշխիքով պարտքն անցել է 650 մլն մանաթից

Ադրբեջանի ավիաուղիների պետական երաշխիքով պարտքն անցել է 650 մլն մանաթից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի օդային ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ի պետական երաշխիքով պարտքերի ընդհանուր ծավալը գերազանցում է 650 մլն մանաթը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azadliq.info լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Նա ընկերության ղեկավարությանը հիշեցրել է, որ պետությունը AZAL-ին պարբերական տարբեր օգնություն է ցուցաբերում. էժան վառելիք է վաճառում, պետական երաշխիքով վարկեր է տալիս, որոշ պարտքեր ներում եւ այլն:

«Այդ միջոցները պետք է օգտագործվեն նոր ինքնաթիռներ գնելու եւ այլ նպատակներով: Ընկերությունը պետք է առաջնություն տա այդ ինքնաթիռներից արդյունավետ օգտվելու, ընկերության եկամուտները մեծացնելու գործին», -հորդորել է նա:

Ադրբեջանի հաշվիչ պալատի հետազոտությունների համաձայն` պետական երաշխավորությամբ Կենտրոնական բանկից վարկ վերցրած մեծ թվով պետական ընկերություններ նավթի եւ մանաթի էժանացման պատճառով չեն կարողանում վերադարձնել մայր վարկերն ու տոկոսները, իսկ ԿԲ-ին նրանց ունեցած պարտքն արդեն գերազանցում է մեկ մլրդ մանաթը:

Ըստ թերթի, Հաշվիչ պալատի «Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին» զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի ԿԲ-ի կողմից տրված նպատակային վարկերի մասով ներքին պետական պարտք համարվող նպատակային վարկերի` հաշվարկային տարում մնացորդը կազմում է 3 մլրդ 769,78 մլն մանաթ, որի 376,46 մլն մանաթ մասը ժամկետանց հիմնական պարտքային պարտավորություններն են, 122,85 մլն մանաթ մասը` ժամկետանց պարտքերի տոկոսային պարտավորությունները: 

Ադրբեջանի ԿԲ-ի հիմնական պարտատերերն են նաեւ «Ազերալյումինում» (76 մլն մանաթ), «Ազերէներժի» (29,9 մլն մանաթ), «Ադրբեջանի օդային ավիաուղիներ» (104,15 մլն մանաթ) պետական ընկերությունները:

«Հաշվիչ պալատի հետազոտությունները ցույց են տվել, որ ԿԲ-ին պարտք պետական ձեռնարկությունների ֆինանսական վիճակը գնալով ծանրանում է, եւ ԿԲ-ին պարտքերը ժամանակին վերադարձնելու հնարավորությունը խիստ նվազում է, ինչն իր հերթին մեծացնում է պետական երաշխիքով վարկերի` պետբյուջեի հաշվին վերադարձնելու ռիսկը», -ասվում է զեկույցում:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին, հաղորդել է, որ 2016 թվականի առաջին 4 ամիսներին ՀՆԱ-ի արտադրությունն Ադրբեջանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,5 տոկոսով նվազել է:

Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով` ընթացիկ տարվա 4 ամիսներին Ադրբեջանի ՀՆԱ-ի 61,5 տոկոսն ընկել է ոչ նավթային հատվածի վրա: Դրա հետ միասին, շինարարության եւ տրանսպորտի ոլորտում ակտիվության անկման պատճառով ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ նվազել է 6,8 տոկոսով:

Ադրբեջանում վերջին 4 ամիսներին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1756,7 մանաթ, ինչը 5,6 տոկոսով փոքր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Դոլարային արտահայտությամբ դա հավասար է 1122,6 դոլարի:

Ադրբեջանի կառավարության կանխատեսումներով` 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով:

Fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը, հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրումներ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ   Ադրբեջանից նավթամթերքի արտահանման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 29 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 57,3 տոկոս:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի մինչեւ 820 հազար բարելի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am