Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պատմության սև էջից Գերմանիան կազատվի Ցեղասպանության իրողության հետ հաշվի նստելով. Սաֆրաստյան

Պատմության սև էջից Գերմանիան կազատվի Ցեղասպանության իրողության հետ հաշվի 
նստելով. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության սև էջերից ամբողջությամբ ազատվելու համար Գերմանիան պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մասնակի պատասխանատվության խնդիր ունի: Գերմանիայի հասարակական, քաղաքական, գիտական շրջանակում հասկանում են, որ իրենց երկիրը պատասխանատվության իր մեծ բաժինն ունի: Նա կարող էր կանգնեցնել ցեղասպանությունը, բայց դա չարեց: Այդ մասին վկայում են Գերմանիայի դիվանագետների նամակները: Եթե Գերմանիան ուզում է լրիվ ազատվել պատմության սև էջերից, ապա պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի սպասվող քննարկմանը` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դժվար է ասել, թե այն ինչ ճակատագիր կունենա: «Ճիշտ է, խոսվում է Գերմանիայից եկող դրական ազդակների մասին, կան հայտարարություններ այն մասին, որ այս անգամ գործընթացը կունենա տրամաբանական ավարտ, բայց, մյուս կողմից, երևում է, թե Թուրքիան ինչ ճնշում է գործադրում Գերմանիայի վրա: Իսկ մենք տեսել ենք այն, որ նախկինում Գերմանիան տեղի է տվել թուրքական ճնշումներին: Հետևաբար 100 տոկոսով ես վստահ չեմ, որ առկա ձևակերպումներով բանաձևը կընդունվի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:  

Ի վերջո, ներկա փուլում Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում որոշակի խստացումներ են նկատվում: «Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է նպաստավոր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար». հարցին ի պատասխան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք է հիշել մի բան` ԵՄ-ին պետք է Թուրքիան, Թուրքիային էլ` ԵՄ-ն:

«Դավութօղլուի հեռանալուց հետո, այո, Թուրքիա- Եվրամիության հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան` կապված փախստականների գործարքի հետ: Բայց Եվրամիությունը փախստականների հարցում Թուրքիայի հետ համագործակցության կարիքն ունի: Թուրքիան էլ ձգտում է օգտվել այդ իրադրությունից, ստանալ ԵՄ-ից օգնություն և լուծել իր խնդիրները` կապված վիզայի  վերացման հետ»,-ասաց թուրքագետը: Նրա խոսքով, ամեն դեպքում, տեսնում ենք, որ եվրոպական երկրներում քաղաքական, հասարակական հատվածում գնալով մեծանում է քննադատությունը Թուրքիայի, հատկապես, Էրդողանի դիկտատուրական նկրտումների նկատմամբ: Մյուս կողմից էլ Էրդողանն է իր հայտարարությամբ ուժեղացնում լարվածությունը:

«Ինչպես տեսնում ենք, ներկա փուլում անկայուն իրավիճակ է ԵՄ-Թուրքիա հարաբերություններում: Ահա այս պայմաններում առաջանում է օրինագծի խնդիրը: Կարելի է ասել դեռ ոչ մի բան պարզ չէ: Իրադրությունը փոխվում է ամեն օր, գնում է  առևտուր երկու կողմերի միջև»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` հիշեցնելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ անցյալը չպետք է օգտագործվի ներկայի խնդիրները լուծելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am