Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հանրապետության տոնը

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հանրապետության տոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում տոնած պատմական հաղթանակի 98-ամյակը՝ Հանրապետության տոնը:

1918-ի այս մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում  տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

Իննսունութ տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը  կենաց-մահու կռիվ տվեց թշնամու` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: 

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը: 

Մայիսի 28-ին   հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են ավանդական միջոցառումներ` ի հիշատակ անկախությունը կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով անկախության և ազատության համար կռիվ տված հերոսների հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am