Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարդկային որակ, հարուստ խոհանոց. Արցախում զբոսաշրջային ակտիվությունը վերականգնվում է

Մարդկային որակ, հարուստ խոհանոց. Արցախում զբոսաշրջային ակտիվությունը 
վերականգնվում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում զբոսաշրջային ակտիվությունը վերականգվում է: Ստեփանակերտում, ինչպես մինչև ապրիլի քառօրյա պատերազմը, ներկայում ևս կարելի է հանդիպել բազմաթիվ զբոսաշրջիկների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով, զբոսաշրջիկները թե ազգությամբ հայեր են, թե օտարազգիներ: «Ուրախալի է այն փաստը, որ նկատվում է զբոսաշրջիկների ակտիվություն: Կամաց-կամաց վերականգնվում է նախկին վիճակը: Զբոսաշրջիկները տեսարժան վայրեր են այցելում, իրենց աչքով են տեսնում ամեն ինչ»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Լուսանկարները` Արմենպրեսի

Տեսարժան վայրերից բացի, զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն է վայելում Արցախի խոհանոցը: Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ շարունակում է բրենդային ճաշատեսակ մնալ «Ժենգյալով հաց»-ը, որն իր մեջ պարունակում է կանաչու տեսակներ:  

«Արցախի հողն ու ջուրն այնպիսին է, որ կանաչեղենը յուրահատուկ համ ունի, հետևաբար յուրահատուկ է ստացվում նաև Ժենգյալով հացը, ինչը զբոսաշրջիկները շատ են սիրում: Դե պատկերն ամբողջանում է, երբ այդ ամենը համեմվում է հանրահայտ օղիով և գինով»,-ժպտալով պատմում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը, բայց և ընդգծում, որ, այդ ամենից բացի, զբոսաշրջիկներն առավել շատ մի հանգամանք են բարձր գնահատում: Ամենամեծ արժեքն արցախցու մարդկային որակներն են` ջերմ վերաբերմունքը, հոգատարությունը, հյուրասիրությունը:

Իհարկե, Արցախի կառավարությունը գիտակցում է, որ քառօրյա պատերազմը չի կարող ազդեցություն չթողնել զբոսաշրջության ծավալների վրա: Հետևաբար, այժմ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է նոր ծրագրեր, նոր գաղափարներ կյանքի կոչել` պատերազմի բացասական հետևանքը չեզոքացնելու, զբոսաշրջությանը նոր թափ հաղորդելու համար:

«Հասկանում ենք, որ ամեն իրավիճակ համարժեք մոտեցումների կարիք ունի: Քառօրյա պատերազմը մեր հայրենակիցների մոտ հետաքրքիր զգացողություններ է արթանցրել, շատ շատերը ցանկություն են հայտնում անպայման լինել Արցախում: Հետևաբար, այդ ցանկությունը, հետաքրքրությունը պետք է առարակայանցնել: Եվ մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Նա կարևորեց «#ԵկԱրցախ» նախաձեռնությունը, որը նույնպես իր ազդեցությունը կունենա զբոսաշրջության ակտիվացման գործում: Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ սկզբնական փուլում տարբեր ոլորտներում հայտնի մարդկանց հետ աշխատանք կտարվի, որ նրանք գան Արցախ, ցույց տան, որ այնտեղ անվտանգ է:

«Լավ օրինակ էր բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի Արցախում լինելը ու նրա` Արցախ այցելելու կոչը: Մարդիկ շարունակում են ապրել, արարել, ստեղծել, ու այստեղ կան արժեքներ, որոնք իսկապես արժե տեսնել: Ի դեպ, շատերը ցանկություն են հայտնել գալ և քառօրյա պատերազմի հետևանքները տեսնել»,-հավելեց Սերգեյ Շահվերդյանն` ընդգծելով, որ բոլոր այն մադրիկ, ովքեր ծրագրել էին գալ Ղարաբաղ, կարող են հանգիստ այցելել, այստեղ լիովին անվտանգ է:

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը համացանցում նախաձեռնել է «#ԵկԱրցախ» ֆլեշմոբը։ Մասնակիցները պետք է սոցցանցերում հրապարակեն լուսանկար և տեսանյութ Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանիշի հետ և կոչ անեն իրենց ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: «Այս ֆլեշմոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով` ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին, հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո»,- գրել է Արտակ Բեգլարյանը Facebook սոցցանցի իր էջում։

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am