Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 11.04.2016

Սպասվող լրահոս. 11.04.2016

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են ԼՂ-ի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա` խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելով դաժան հաշվեհարդար: Այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանի ամերիկյան համալասարանում, կկազմակերպվի  միջոցառում՝  նվիրված  Մարաղայի կոտորածի 24-րդ տարելիցին: Մարաղայի դեպքերի մասին դիտարկումներ կներկայացնի ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա ելույթից հետո տեղի կունենա Մարաղայի կոտորածի մասին ֆիլմի ցուցադրություն, այնուհետև կանցկացվի քննարկում: Հիշեցնենք, որ Մարաղայում կատարած հանցագործության համար առ այսօր ադրբեջանական իշխանությունը միջազգային հանրության կողմից չի ստացել արժանի գնահատական:

Կրկին ղարաբաղյան թեմա, բայց արդեն մեր օրերին տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Հանրապետական պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Գագիկ Մելիքյանը, ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և այլ գործիչներ կանդրադառնան ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիտարկումներին: Հիշեցնենք, որ համանախագահները եղել են Բաքվում, որից  հետո այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնուհետև՝ Երևան, որտեղ էլ հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Թեպետ, շփման գծում կրակի դադարեցման համաձայնություն է ձեռքբերվել, այդուհանդերձ, հակառակորդը շարունակում է կրակել: Կրակոցներ են արձանագրվում նաև Հայաստանի սահմանին: Հետևաբար սահմանային և շփման գծում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը շարունակում է մնալ ամենասպասվածը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունները կշարունակեն օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրել առաջնագծում առկա իրավիճակի վերաբերյալ:

Ոչ պակաս սպասված է վիրավոր զինվորների, քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը: Երևանի և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալները, բուժհաստատությունները հետևողականորեն հանրությանը կշարունակեն տեղեկություն տրամադրել վիրավորների առողջական վիճակի մասին:

Այլ թեմաների մասին: Հինգ Նոբելյան մրցանակակիրներ՝ Երևանում: Ապրիլի 11-16-ը մայրաքաղաքում անցկացվելու է «Նոբելյան օրեր» գիտական միջոցառումը: Այս եզակի իրադարձությունը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք արժանացել են նոբելյան ժառանգության: Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը և այլք կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Ամփոփվում են «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի արդյունքները: Մասնակիցները կատարել են դպրոցի արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներ և դրանք լուսանկարել: Լուսանկարները տեղադրվել են «Dasaran.am» կայքում: Այսօր կհայտարարվեն հաղթողների անունները և կտրվեն մրցանակներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am