Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. Սերժ Թանկյանը ԼՂ իրավիճակում տեսնում է Թուրքիայի մեղքը

Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. Սերժ Թանկյանը ԼՂ իրավիճակում տեսնում է Թուրքիայի 
մեղքը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը կրկին անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ից շարունակվող մարտերին` դրանցում տեսնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն օրեր առաջ իր մտահոգությունն է հայտնել շարունակվող բռնությունների առնչությամբ` հորդորելով դիմել երկխոսության, ինչպես նաև ընդգծելով տարածաշրջանում երկարատև կայունության, անվտանգության ու բարգավաճման նպատակով խնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: «Սակայն Ադրբեջանն այնուհետև անմիջապես սկսեց լայնածավալ հարձակումներ իրականացնել ղարաբաղյան դիրքերի վրա:

Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը` կարծես ցանկանալով շեղել ուշադրությունն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի արարողություններից: Սա Ադրբեջանի կողմից ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին ուղղված իսկական հարված է: Ժամանակն է, որ Օբաման այս ամիս կիրառի «ցեղասպանություն» եզրույթը և ցույց տա Էրդողանին, թե ով է «բոս»-ը»,- ասվում է Սերժ Թանկյանի գրառման մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք:

Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am